Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Իր տարածվածության պատճառով այն ստացել է «դարի հիվանդություն» անվանումը։

Շաքարային դիաբետը կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ):

Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում այս հիվանդությունն ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով:

Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը։

Ըստ առողջապահության նախարարության՝ Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների` շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք): Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել: Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:

Դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4կգ և ավելի քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը:

Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն (պոլիուրիա), անհագ ծարավի զգացում (պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում, վերքերի դանդաղ լավացում:

Հիվանդության և հետագա բարդությունների զարգացման կանխարգելումը հնարավոր է սքրինինգային՝ արյան գլուկոզի պարունակության պարզ հետազոտության (լաբորատոր անալիզի) միջոցով, ինչը բավականին մատչելի թեստ է: Դիաբետի դեղորայքային և ոչ դեղորայքային բուժումը ուղղված է արյան մեջ գլուկոզի քանակի նվազեցմանը, ինչպես նաև արյունատար անոթների քայքայմանը նպաստող հայտնի ռիսկի գործոնների նվազեցմանը: