ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը Facebook-յան իր էջում գրել է«Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը և բևեռացման մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր։ Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաներ, ովքեր ստանում են նույնիսկ 1 000 000 դրամից ավել կենսաթոշակ։

Շրջանառության մեջ եմ դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, համաձայն որի առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։

Արդյունքում՝ պետական պաշտոնյաների կենսաթոշակը ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ»։

ՀԳՊարզվում է, որ մեր 25 000 հազար դրամ կենսաթոշակ ստացող և մի կերպ գոյություն քարշ տվող ծերերի կողքին եղել են և դեռ կան 1 000 000 դրամից էլ ավել թոշակ ստացող պետական պաշտոնյաներ։ Դե ամբողջ կյանքում շքեղության սովոր չինովնիկները ո՞նց կարող են ապրել միջին վիճակագրական թոշակառուի չնչին թոշակով, էտ կոպեկներով ո՞նց կարող են իրենց թույլ տալ ճանապարհորդություններ, տնային սպասուհիներ, դա անգամ մեկ օրվա սնունդի գումարին չի բավարարի, ուր մնաց մեկ ամիս առոք-փառոք ապրելուն։ Ամբողջ կյանքում «ազգիս հոգսով տապակված» այս խավին արժանավայել ծերություն է պետք ապահովել, որ երջանիկ վայելեն կյանքի մայրամուտը՝ զարմանալով ու զայրանալով չարքաշ կյանքից դժգոհողների և իրենց էլիտար հանգիստը գեթ մեկ պահ խաթարողների վրա։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: