Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով հարցին, Թրամփը սկսել է նյարդային շարժումներ անել ու վիրավորել լրագրողին՝ նրան անվանելով «կոպիտ և սարսափելի մարդ»։

ԱՄՆ նախագահի լրատվության վարչությունից հայտնել են, որ Սպիտակ տանն աշխատող ավագ լրագրողի հավատարմագիրը վերցրել են նախագահի ասուլիսի ընթացքում ամբարտավան պահվածքի համար, սակայն լրագրողական կազմակերպությունները հերքել են այս պնդումը։ Այժմ հեռուստաընկերությունը պահանջում է վերադարձնել հավատարմագիրն ու վերականգնել Սպիտակ տուն մուտքի իրավունքն ու անցաթուղթը։

Դատական հայցը ներկայացված է 6 անձի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախագահի օգնականի, նախագահի մամուլի քարտուղարի, գաղտնի ծառայության տնօրենի և նույն ծառայության աշխատակցի (վերջինը վերցրել է լրագրողի անցաթուղթը)։ Թրամփ-CNN հակամարտությունը երկար պատմություն ունի և այս մեկ միջադեպով չի սահմանափակվում։ Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը բազմիցս լրատվամիջոցին ներկայացրել է իբրև կեղծ լուրեր տարածող։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ