«Հայկական երկրորդ հեռուստաալիքի» տնօրեն, գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ բաց նամակով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Նամակում ասված է«Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին։

Այս ընթացքում Սամվել Մայրապետյանի փաստաբանները բոլոր հնարավոր ատյաններին դիմել են խափանման միջոցը փոխելու միջնորդություններով, սակայն դրանք մերժվել են։ Մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ և մտավորականներ ևս միջնորդել են ՀՀ Գլխավոր դատախազին իրենց անձնական երաշխավորությունների հիմքով Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքով։ Այս ջանքերը ևս հաջողությամբ չեն պսակվել, չնայած այն հայտնի փաստին, որ Սամվել Մայրապետյանն ունի նաև առողջական լուրջ խնդիր։ Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Մայրապետյանին կալանքի տակ պահելով, հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելով, անձնական և գույքային հաշիվները կալանքի տակ առնելով՝ ցուցմունք կորզելու փորձ է արվում։

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է։ Հետևաբար՝ վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությունը։

Հարգանքով՝

Արա Թադևոսյան, Մեդիամաքս մեդիաընկերության տնօրեն

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ

Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից»

Henq.am Կասկած չկա, որ անմեղ մարդը հետապնդումների ու հալածանքների չպիտի ենթարկվի ու եթե դա այդպես չէ, ուրեմն երկիրն իր ներսում լրջագույն խնդիրներ ունի ինքն իր հետ, ինչն ինքնին սարսափելից զատ կարող է աղետաբեր լինել: Անկեղծ ասած, ի տարբերությունը նամակը ստորագրածների, Սամվել Մայրապետյանին չենք ճանաչում այնքան, որ նրա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն լինելը փաստենք կամ հաստատապնդենք, սակայն պակաս տեղեկացված չենք նրա գործունեության այլ ոլորտներից, որոնք, մեղմ ասած, քիչ դառը արցունքներ չեն քամել շատերի աչքերից, ու դրանք եղել ենք նախկին իշխանության հետ նրա սերտկապակցված գործողությունների արդյունքում: Ինչևէ: Թող հաղթողը ճիշտը լինի, իսկ Սամվել Մայրապետյանին մեր կողմից առողջության մաղթանք: