Իրանն ավելի թանկ գնով է գազ առաջարկում Հայաստանին, քան Ռուսաստանը: Տարբերությունը 10 դոլար է։ Այս մասին հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նրա փոխանցմամբ՝ իրանական կառավարության հետ քննարկումներ եղել են գազ գնելու վերաբերյալ, բայց էժան առաջարկ չի եղել: Ըստ նախարարի՝ Իրանը, որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը:

Իհարկե, այն առումով, որ մենք ունենք գազի երկկողմանի մատակարարում, շատ լավ է։ Ի վերջո ռուսական գազատարի վթարների դեպքում, Հայաստանը մեծացնում է ծավալները՝ համաձայն Իրանի հետ պայմանավորվածության։
Սակայն մյուս կողմից էլ չկա գումարային գործարք։ Իրանական կողմից էլ կարծես թե երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ, քան ռուսական գազն է։

Բաղրամյանի խոսքով՝ այս պահին ստեղծված է գազի սակագների ուսումնասիրության հանձնաժողով, դրա շրջանակներում քննարկվում է և սահմանին գազի գնի նվազեցման հարցը, և ներքին ռեսուրսների հարցը. «Այս պահին քանի որ ընթանում են բանակցություններ գազի ներկրման սակագնի շուրջ, թույլ տվեք կարծիք չհայտնեմ: Բնականաբար, բանակցում ենք, որպեսզի գինը նվազեցնենք, մենք բանակցում ենք նվազեցման ուղղությամբ»։

Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ նաև հարցին, թե Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա. «Ամերիկյան կառավարությունը տեղյակ է, որ մենք իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման գործարք, այդ պատժամիջոցները նախկինում էլ են եղել: Եվ մենք միշտ հիմնավորել ենք, որ քանի որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ փոխանակումը մեզ համար կենսական նշանակություն ունի»։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ