Հայ ազգային կոնգրեսը երկար մտորումներից հետո որոշել է չմասնակցել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բարևների ու ժպիտների սիրահար «Ժառանգությունն» էլ որոշեց չմասնակցել։ Ապագա խորհրդարանում չեն լինի ՀՀԿ մի շարք դեմքեր, մասնավորապես օդիոզ օլիգարխներն ու ռազմական ֆեոդալները, անգամ Սերժ Սարգսյանը: Չկան նաեւ Ռոբերտ Քոչարյանը և նրա հետ կապված մարդիկ:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանին կարծես թե հաջողվեց «մաքրություն» անել և արխիվացնել վաղուց իրենց սպառած կուսակցություններին ու մարդկանց: Այդ մարդկանց՝ ընտրություններին չմասնակցելու ցանկությունը վկայում է, որ հասկացել են՝ նոր քաղաքական իրավիճակում տեղ չունեն: Իշխանությունը դադարել է կերակրատաշտ լինել և կորցրել է գրավչությունը: Նրանց՝ իշխանության գնալու միակ մոտիվը սեփականությունն ու կուտակած կապիտալն է:

Հանրապետական կուսակցության մի մասը, ՀՅԴ-ն և Գագիկ Ծառուկյանը որոշել են մասնակցել ընտրություններին: Փորձագետները նշում են, որ ՀՅԴ-ն հնարավորություններ չունի, և մասնակցությունը ձեւական է լինելու: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, այս ընտրությունները, ըստ ամենայնի, նրա համար վերջինը կլինեն, և քվեարկությունից հետո նա էլ կհեռանա քաղաքականությունից ու կզբաղվի բիզնեսով:

Իսկ ՀՀԿ-ն ցանկանում է ստանալ խորհրդարանի տեղերի 20%-ը: Կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի նախագիծ, որում ներկայացված են գլխավոր փաստարկները: Այդ ամենից հասկանալի է դառնում, որ կուսակցությունում շատերը կարծես թե դեմ էին Սերժ Սարգսյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հնարավոր է՝ գլխավորի ՀՀԿ ցուցակը: Կարելի է ենթադրել, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն խոչընդոտելու է օրենքների ընդունմանը, որոնք կարող են հանգեցնել սեփականության վերաբաշխմանը: Մյուս ուժերը, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին, հավանաբար այդքան չեն վախենում սեփականության վերաբաշխումից:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ