Շախմատային թագի համար մրցապայքարում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու Միացյալ Նահանգները ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան անցան տասներկու ռաունդանոց պայքարի մեկ երրորդ մասը: Չորս պարտիայում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք, ինչը նման կարգի մրցամարտերի համար այնքան էլ անսովոր բան չէ:

Սակայն ոչ-ոքի էլ կա, ոչ-ոքի էլ: Մասնագետների գնահատմամբ այս վերջին եղածներից ամենաձանձրալին էր: Բնականաբար պարզ է, որ կողմերն ակնհայտ զգուշավոր են խաղում՝ ձգտելով մրցակցին ակտիվ գրոհի անգամ ամենաչնչին շանս չտալ, բայց որ իքս պահից հետևելու են կրքերի ակնհայտ շիկացումներ, մեջտեղ են գալու տնային մշակումներ, անկասկած է:

Այսօր շախմատիստների առաջին հանգսյան օրն է, վաղը կմեկնարկի լոնդոնյան հինգերորդ պարտիան: