«Լուսնից էլ չեմ իջել, որ չհասկանամ, որ այսօր շատ բարդ է։ Եթե նախկինում 2005 թվականին միայն Ալավերդիում դրել եմ թեկնածությունս ու 3 հազար ձայն եմ ստացել, երբ դեռ ուսանող էի, հիմա ռեալ չի այսքան թեկնածուների պարագայում միայն Ալավերդիում ստանամ 33 հազար ձայն։ Այսքան սև քարոզչության, այսքան աշխարհի մեղքերը Շարմազանովի վրա բարդելու պայմաններում այսօրվա մեկ ձայնը հավասարազոր է լինելու վաղվա 1000 ձայնին»:

էդուարդ Շարմազանով

Հո՜պ, Էդի՛կ ջան, հո՜պ, ես կասեի՝ քո՜նշ, տեղ-տեղ անգամ՝ չո՜շ, զի Շարմազանովը քավության նոխազ-ա՞յծ է, որ, ինչ մեղք կա-չկա, իրա վրա բարդեն, ինքն էլ խելոք-խոնարհ բարդածը տանի. իզուր ես դու իրեն, այսինքն՝ քեզ, նման բան ասում: Շարմազանովը, թե անգամ խելոք ուլ կամ գառ ըլնի, է՛ն գառը կըլնի, որ երկու տեղ է «ընթրելու» գնումՇարմազանովը, հիշի՛ր, թեկուզ թղթից սարքած, բայց «գլադիատոր» է՝ «գաստրաբայթերի» հեռանկարով:

Շարմազանովը մինչև դեկտեմբերի սկիզբ էսպես զահլա կտանի իր «գլադիատորական խիզախ պլաններով», հետո իր էդ «սպարտակիադան» սկսվելուց էրկու-իրեք օր առաջ կասի ատամս ցավում է, գնում եմ Մոսկվա, գնում եմ Լոնդոն՝ ատամս քաշեմ, բայց ատամի տեղ շառը կքաշի, կգնա, կհամալրի հայոց նորօրյա «գաստրաբայթերների» բանակի է՛ն ստորաբաժանումը, որի ձեռից հեչ բան չի գալիս, բայց քիթն ուր ասես խոթում է «ռիսկով» ու «էնտուզիազմով»:

Իսկ առայժմ իրենց երբեմնի մեկը հազար սարքած, հազարապատկած այս խիզախները հերթով հազար տակ ըլնում, հազարատակվում, անկյուն են գտնում, էդ անկյունից էսպես տխուր գանգատվում, թե 33 հազարի տեղ հիմի սկի 3 հազար ձայն չեն կարենալու «առաջվա նման» հալա՜լ վաստակեն:

Գիտե՞ս, էդիկ ջան, ինչո՛ւ այդպես ստացվեց: Բանն այն է, որ, առհասարակ, մեկը հազար սարքողը Ինքն է՝ Երկնային Աստված: Իսկ դուք դրիք ու հույսներդ դրիք ձեր այս՝ երկրայի՛ն «հայր-աստծու» վրա, դրա՛ հազարապատկածը համարեցիք Աստծու հազարապատկած, ձեզ՝ «աստծո որդի», իսկ ձեր անհոգի ստերով լեցուն էդ ԳՄ-ները՝ «սուրբ հոգի», ձեզ հռչակեցիք «սուրբ երրորդություն», ձեր գնած-փախցրած ձայներն էլ բազմաց հայտարարեցիք «ձեր առաջ եղած երկրպագություն»: Ու ինքներդ ձեզ «հույժ արժանավոր» նաև հռչակեցիք ու, որ «արժանավորիդ» պարգևատրեիք, մտաք, «եդեմը» լրիվ զավթեցիք: Է՜, հիմա էլ Աստված հերթով դրել բոլոր էդ «սամազվանեցներիդ» էսպես պատժում է, ինչ Իր անունից յուրացրել էիք, ձեռներիցդ առնում ու ձեզ ձեր զավթած էդ «եդեմից» էդպես տկլոր քշում է: Բա ո՞նց, Աստված կա՜: Ու բա ո՞նց, դուք մի՜շտ էլ տկլոր եք եղել: Էդ ձեր պլպլան հագուկապերով մի՛ կողմնորոշվեք, թյուրիմացության մե՛ջ էդպես կընկնեք: Հոգով-մտքո՛վ եք դուք տկլոր եղել, ուստի էդպես տկլոր էլ ձեզ հիմա հանրության առաջ Տեր Աստված հանել, ժողովուրդն էլ նայում, վրեքդ է խնդում, ոնց որ կրկեսում:

Ինչ վերաբերում է «սև քարոզչությանը», ապա մի բան ասեմ: Էդի՜կ ջան, չըլնի՞ «ՀՀԿ հայրդ» ու «առուներիդ մայրը» որ ձեզ դաժան լքեց, էնքան լաց էղաք, տեսողության պրոբլեմ ստացաք, էնքան դարդ արիք, դարդից խելքներդ գցիք ու հիմա ի վիճակի չեք՝ արխիվից հանեք ու մի հատ նայեք ձեր էն «հայլուրները»: Ո՞նց, չըլնի՞ նենց խելքներդ գցիք, որ համ էլ սկլերոզ ստացաք ու մոռացաք ձեր «Հայլուր-լրատվականը»:

«Սև՜ քարոզչությո՜ւն»…

Հակառակը, ԱԺ նախկին «փոխ-», անցած ամսվա վերջից արդեն «քը՛խ»-նախագահ, հիմա նո՜ր քը՛խն էդ ուզում են կամա՜ց ճերմակից զատել, ճերմակն ազատել: Հիմա նո՜ր կամա՜ց մութ տեղ պարտակած ձերոնց էն սևը արևերես ու լուսերես ելնում, կամա՜ց երևում է: Աստված լույս տվեց. ուրիշ ի՞նչ ես ուզում Աստծուց. Իր տված լույսի հետ համ էլ Իրենից կրա՞կ ես ուզում: Զգո՜ւյշ, լսեց՝ չի՜ խնայի, կտա՜: Իսկ ինչ վերաբերում է ձեր ստանալիք ձայներին, ապա, հա՛, ճիշտ ես ասում, այսօրվա ստանալիք քո մեկ ձայնը հավասարազոր է լինելու վաղվա երազածդ էդ 1000 ձայնին, բայց մի աննշան վերապահությամբ. դու ոչ էսօ՛ր մի ձայն անգամ կստանաս, ոչ էլ՝ վա՛ղը

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ