Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք, սակայն մենք չենք կարող ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ գիտակցելով, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ արտաքին մարտահրավերների առջև։

Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք նույնպես չի կարող ընդունել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպիսի միտք է արտահայտել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ․ «Մենք չենք կարող ձեռքներս լվալ և ասել՝ դե ինչ ուզում է թող լինի, թող Փաշինյանը գնա տապալվի, դա ոչ պետական մոտեցում է։ Մի ուժ, որ տարիներ շարունակ եղել է պետական իշխանություն, շատ լավ գիտակցում է այդ բոլոր մարտահրավերները», -նշել է Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն գնում է ընտրությունների իր խոսքն ասելու, երկիրն այդ արտաքին մարտահրավերներից պաշտպանելու համար, քանի որ իրենք «հայրենիքի զինվոր են», «աբիժնիկ» չեն և հայրենիքի շահը վեր են դասում ամեն ինչից։