Զրուցակիս Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Մանուկյանն է, ինքնատիպ և գաղափարական մի ստեղծագործող, որի անհատական ցուցահանդեսը նոյեմբերի 20-ին բացվելու է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ‹‹Ալբեր և Թովե Բոյաջյան›› հանրածանոթ ցուցասրահում:

-Մեր զրույցն սկսենք ցուցահանդեսի գաղափարի ներկայացմամբ:

-Ցուցահանդեսի ‹‹Գրաֆիկա, պլակատ›› խորագիրն, անշուշտ, պատահական չի ընտրված: Պատահական չէ նաև ցուցասրահիս ընտրությունը, այնտեղ երկու սրահ կա, որտեղ ներկայացվելու են գեղագիտական միևնույն տիրույթում գտնվող երկու գեղարվեստական տարբեր դրսևորումներ: Մի դեպքում այն ‹‹հայացք է դեպի դուրս››, մյուս դեպքում ‹‹հայացք է դեպի ներս››… Սա իմ գրաֆիկական պատկերացումների և ընկալումների, որոնումների դաշտն է, որտեղ կարող ենք տեսնել եռաչափ, երկչափ հարթությունների փոխհարաբերություններ և ընկալումներս գրաֆիկական հորձանուտում:

‹‹Հայացք դեպի դուրս››… Ես հանրության հետ խոսում եմ պլակատի միջոցով: Սա հանրային զրույց է իմ և իմ ժամանակի հասարակության հետ ու միջև:

-Պլակատային արվեստը մեր իրականությունում գրեթե մոռացության մատնված, մերժված երևույթ է: Մեկնաբանեք թերևս պլակատը որպես գրաֆիկական արվեստի ուրույն արտահայտչամիջոց:

-Սիրով: Այն գրաֆիկայի տարատեսակ է, անշուշտ երևութացող պլակատին հատուկ արտահայտչամիջոցներով: Այն շատ լակոնիկ, միաժամանակ շատ հանդուգն և դիպուկ խոսում է քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական երևույթների մասին: Պլակատային արվեստը, գոնե իմ պատկերացմամբ, այսօր մատնված է անգործության:

-Քաղաքը, նաև հանրապետությունը հեղեղված են գովազդային վահանակներով, ազդագրային անթիվ ցուցանքներով և այլնով: Սա ինչ է:

-Դրանք ուղղակի գովազդային պաստառներ են և որևէ կապ չունեն պլակատային արվեստի հետ: Պլակատը բարձրաձայնում է այժմեական խնդիրները, գեղարվեստական ուրույն լեզվով բարձրացնում է հանրությանը հուզող ցավոտ հարցերը և հզոր ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա:

-Երկրորդ համաշխարհային պատերազմը հանրածանոթ է նաև հռչակավոր պլակատներով, որոնք հիշելի են մինչև օրս:

-Քաղաքական պլակատը ծնվեց 1-ին համաշխարհային պատերազմի օրերին: Առհասարակ պլակատը ի հայտ է եկել 19-րդ դարավերջին, երբ թատերական ազդագրեր էին տարածվում:Հետագայում, արդեն պատերազմի թոհուբոհում, առաջ եկավ քաղաքական պլակատի պահանջը: Սա Եվրոպայում էր: Բոլշևիկյան հողափոխությունից հետո պլակատը թափ առավ Ռուսաստանում, ի հայտ եկան բոլշևիզմը քարոզող և հին աշխարհը այպանող անհամար պլակատներ՝ հաճախ կատարված բավականին բարձրարվեստ մակարդակով: Իսկապես մեծ է պլակատի ազդեցության լիցքը: Հետո արդեն պլակատային արվեստի շուրջ եղան բանախոսություններ, ցուցահանդեսներ, մրցույթներ կազմակերպվեցին, ի հայտ եկան ժանրի վարպետները:

-Պլակատի վարպետները կարծես դուրս են կանգնած կերպարվեստի շրջանակներից:

-Նրանք միշտ էլ առնձնացված կաստա են եղել:Մի տեսակ անհասանելի են եղել: Սա ընդունված բան է: Ի դեպ՝ ցուցահանդեսի բացման ժամանակ և ընթացքում հանդես կգա ճանաչված երգահան և մենակատար Վահան Արծրունին: Նրա երգերում մենք կհանդիպենք թարմ և ինքնատիպ խոհերի և մտորումների, որոնք գուցե թե համահունչ կլինեն ցուցադրված նյութերին, կկամրջվեն իմ գաղափարներին:

-Որքա՞ն աշխատանք է ներկայացվելու:

-44: Ժ ամանակային ընդգրկումը շուրջ 20 տարվա է:

-Գուցե պատասխանատու այրերն ու տիկնայք հաճախեն Ձեր ցուցահանդես և փորձեն վերականգնել պլակատային արվեստը մայրաքաղաքում ու հանրապետությունում: Պատասխանատուների մեջ ներառում եմ Երևանի ավագանուն և Մշակույթի նախարարին:

-Շատ տեղին կլինի: Այսօր պլակատի վերականգնման ճիշտ ժամանակն է:

Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ