Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը։ Խորհրդարանում ներկա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից։ Վերջինս, սակայն, ընդգծեց՝ խոսքը ոչ թե բոլոր, այլ հենց անհատ տաքսու վարորդների մասին է։ Ըստ նրա՝ մոտավորապես 50 հազար անհատ տաքսիստ կա ՀՀ-ում։

«Եթե մենք չոր հաշվարկ անենք, ապա այս քայլով կստացվի Երևանում այդ մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք 12 հազար դրամով, մարզերում՝ 8 հազար դրամով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե երբ ժողովրդի աշխատելու մասին է խոսում, ապա դա նշանակում է, թե մարդկանց մեղադրում է ծուլության մեջ: Նշենք, որ վարչապետի այն կոչերը, թե մարդիկ պետք է աշխատեն, հույսը չդնեն նպատասների վրա, առաջացրել էր հասարակության զգալի մասին դժգոհությունը։

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ իրենք ժողովրդին չեն մեղադրում, մեղադրում են նախորդ քաղաքական համակարգին, որը աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել է աղքատությունը:

«Մարդուն ասել են աղքատ ես, նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, հենց աշխատես՝ նպաստից կզրկենք: Հարցն այն է, թե ինչու ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ նպաստը թիրախային տրամադրելուն: Օրինակ, շահառուն լինի երեխան, ով սոցիալական աջակցության կարիք ունի: Ու այդ աջակցությունը տալու ժամանակ չդնենք պայման՝ ասելով, եթե քո հայրդ աշխատի, ապա կզրկվես օգնությունից: Գումարը տանք հասցեական, երեխային, թոշակառուին, անաշխատունակին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: