«Ես չգիտեմ սովորաբար ինչ եք անում, բայց ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ: Շանսը որն ա՞, իմ շանսը 100-ից 90 խփեմ, ութանանասուն, յոթանանասուն, թե 60, էտա, ինչքան ուզես, էնքան խփենք»:
Սույն նյութիս գլխավոր հերոսի՝ 2013-ն Գյումրիում հնչեցրած,
«թևավոր» դարձած խոսքը

Ով արժանապատիվ իմ հա՜յ ժողովուրդ, ի խորոց սրտի ու հենց էդ սրտի կսկիծով հայտարարում եմ, որ երեկվանից արդեն տեղյակ էինք, բայց դեռ տաք էինք ու էսօր նոր գիտակցեցինք, որ նախկին Վարչապետ, ապա Նախագահ, ապա նորից էլի մի քանի օրով Վարչապետ, ապա «Մերժված» Սերժ Սարգսյանը… չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Տոկա՛, ժողովո՛ւրդ, արիացի՛ր ու մի կերպ դիմացի՛ր այս «փորձությանը». Սերժ Սարգսյանն էլ չի վերադառնա:

Հա՛, Սերժ Սարգսյանն էլ չի կարենա, որ «ինչքան ուզի՝ էնքան էլ խփի». «ուզի՝ հարյուրից յոթանանասուն, ուզի՝ ութանանասուն, ուզի՝ ինանանասուն», ուզի՝ «հարյուրից անգամ հարյո՛ւր ինանանասուն խփի», իսկ ԿԸՀ-ն էլ «փեչաթը» խփի ու վավերացնի: Ինքը գնաց-ծվարեց Ձորաղբյուրի խուլ ծակ ու ծմակում: Ինքն էլ չի գա. տոկա՜, ով հայ ժողովուրդ: Ինքն էլ ոչ մի դեպքում չի գա, ժողովո՛ւրդ, առանց… «պավեստկա» իրան ղրկելու:
Ու գիտե՞ք ինչու ինքն այլևս չի գա, որովհետև ինքն, իր ասելով, «սխալ էր, իսկ Նիկոլը՝ ճիշտ»: Ինքն իր սխալը խոստովանեց, մնաց էդ սխալն… «ուղղեն»:

Առհասարակ, էս աշխարհը ոչ միայն կլոր, այլև շատ տափակ բան է, որ վերցնես:
Խնդրե՛մ: Անկախություն տվին: Անկախ երկիր դարձանք: Բայց փոխանակ հենց էդ շրջադարձի պահին հավաքագրենք մեր բոլոր կարող ուժերը, մտավո՛ր, հոգևո՛ր, մարտնչո՛ղ ուժերը, փոխանակ դառնանք մի ուղեղ, մի սիրտ, մի զորեղ մարմին, գնացինք, թաղերում ինչքան գողական կար, բերեցինք դրեցինք մեր գլխին ղեկավար, վճիռ կայացնող իրենց սարքեցինք: Ի միջի այլոց, ո՛չ առաջին անգամն էր դա, ո՛չ էլ երևի վերջինը լինի: Էն ժամանակներն էլ է՛ն ժամանակվա «գողականներն» էին պղտորված ջրի երեսը ելնում, ու էն ժամանակվա «որսագողերն» էին էդ պղտոր ջրում իրենց «ձուկը» բռնում:

Ինչո՞ւ ենք մենք միշտ կարևոր պահերին սխալ որոշում կայացնում, գիտե՞ք: Խորենացուց ու Մաշտոցից սկսած էդ հարցի վրա գլուխ են ջարդում: Էդ պայծառ գլխներն անգամ չեն փրկում, հարցի պատասխան ոչ մի կերպ չեն գտնում:
Խնդրե՛մ, այսօրվա մեր գլխավոր հերոսը: Ասա՛ ի՜նչ հասկացար քո կառավարածից, ի՜նչ խեր ստացար էդ գողականներից, ու կառավարածդ ա՛զգը ինչ խեր ստացավ:

Խորհրդային դպրոցի 7-8-րդ դասարանից «պե-տե-ու» կամ մանկական գաղութ երբեմնի ղրկված ու էդտեղ «կրթություն» ստացած «իրար գործով ընկեր» էդ «գործիչներից» ի՞նչ խեր ստացար դու ու քո կառավարած ազգը: Դրանց, ոչ ավել, ոչ պակաս, էլիտա հռչակած, քեզնից գոհ՝ էդպես «հարյուրից յոթանանասուն, ութանանասուն, ինանանասուն» «խփելու» էդքա՜ն որ ելար, էդ «խփածդ» մի օր գլխիդ չխփե՞ց ու քեզ չսթափեցրե՞ց: Էդ ի՞նչ քստմնելի որս էր, որ ձեզ գրավեց ու իրենով արեց: Ինչների՞դ էր պետք: Տո՞ւն չունեիք, թե՞ միջոց չունեիք: Ախր ամեն բան արդեն ունեիք: Հե՞չ չեղավ՝ գար մի պահ, վերջ տայիք, սթափվեք, սկսեիք մտածել ձեր արածի շուրջ. չէ՞ որ ինքներդ է՛լ արդեն կռահում էիք, որ ձեր արածն այդ սպառնում էր արդեն շատ անուղղելի հետևանքներով:

Ի՞նչ է կատարվում տեսնես այդ մարդկանց գլխում, այդ մարդկանց հոգում: Ինչո՞ւ դրանց սիրտը մի օր չի դողում, ու միտքը տագնապում, որ ուղուց շեղվել, անդունդ են գնում, անդունդ են տանում:
Իսկ գուցե կո՞ւյր են մտքով ու աչքով: Կամ հարբե՞լ են իրենց գրաված դիրքի, բարձունքի օդից: Վերևներում օդը նոսր է լինում, գուցե դրանից ոչ թե հարբում, այլ շշմում-շշկլվում, էլ սթա՞փ չեն դատում…

Չգիտեմ: Միայն մի բան գիտեմ. մենք միշտ բախտից ու Աստծուց ենք դժգոհում ու մեկ էլ մնացած արար աշխարհից: Մենք սոսկ մի հոգուց երբեք չենք դժգոհում՝ ինքներս մեզնից: Խնդրե՛մ, նորից այսօրվա մեր գլխավոր հերոսը: Բացեիբա՛ց, հրապարակա՛վ ասաց՝ «Սխա՜լ եմ»: Փաստորեն, ասաց, որ իրենից ու իր արածից գոհ չէ, բայց հապա փորձիր հետևից գնալ, հենց բեմից ինքը կուլիսներ մտավ, ինքզինքը ծածուկ շշնջալու է. «Տո դե գնացե՜ք, է՜, այ տհաս լոխեր, ձեր խելքն ասա ի՞նչ է հասնում, որ ինչ էլ ինձ դատեք. ես մեկ է՝ լո՜խ ճիշտ, դուք՝ լոխ ու լո՜խ սխալ»…

…Հենց հրաշք եղավ, ու մի օր անհետացավ այ այդ թերուսության ծնունդ ինքնագոհությունն, ու սկսվեց սեփական անփառունակ գործի ու արածի հանդեպ եղած կասկած՛ի ու դժգոհությա՛ն ժամը, այ ա՛յդ ժամանակ կգան փառավոր ժամանակները:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ