Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ խմբակցությունը հրապարակել է հայտարարություն, որը պետք է դառնա նախընտրական ծրագրի հիմքը: Հետաքրքրականն այն է, որ հայտարարության մեջ տողեր կան՝ կարծես մեղայական լինեն՝ ուղղված կա՛մ իրենք իրենց, կա՛մ իրենց գլխավորին՝ Սերժ Սարգսյանին։ Անգամ տպավորություն է ստեղծվում, որ տեքստը Վիգեն Սարգսյանն է գրել, քանի որ դրանում ընդհանրացված են նրա մտահոգություններն ու վախերը: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ում իշխանությունը կարծես թե անցել է Վիգեն Սարգսյանին:

Հայտարարությունում նշված է, որ ընտրություններից հետո կուսակցությունը կարդիականանա: Հավանաբար, ընտրություններից հետո կհայտարարվի կուսակցության նոր նախագահի ընտրություն։ Գուցե հենց Վիգեն Սարգսյա՞նը գլխավորի կուսակցությունը:

Եթե ՀՀԿ հայտարարությունն իրոք Վիգեն Սարգսյանն է գրել, փաստորեն նա Սերժ Սարգսյանին է մեղադրում Հայաստանում իշխանափոխության մեջ, ով, չնայած իր խոստումներին, 2018 թվականի ապրիլին դարձավ վարչապետ:

Հիշենք, որ դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածուի երկու անուն էր շրջանառվում՝ Կարեն Կարապետյան և Վիգեն Սարգսյան: Սերժ Սարգսյանը բացահայտ դեմ էր Կարեն Կարապետյանի նշանակմանը: Դա կարելի էր նկատել արդեն հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն մայիսի 1-ին և 8-ին երկու անգամ վարչապետի թեկնածու չառաջադրեց՝ չնայած կարող էր Կարեն Կարապետյանին առաջադրել: ՀՀԿ-ն չառաջադրեց նաեւ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Գուցե դա Վիգեն Սարգսյանի հոգում մեծ վիրավորա՞նք է թողել, ո՞վ իմանա: Այս պահին հետաքրքրական է, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կաջակցի Վիգեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ օրերս Շարմազանովն էլ հայտարարել էր, որ եղել և մնում է Սերժ Սարգսյանի զինվորը:

Մի խոսքով անհասկալիորեն փոթորկուն է սադրանքներով հարուստ ՀՀԿ-ի ծովը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ