Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։ Այս մասին Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։ Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը, հանուն որի պայքարում ենք բոլորս։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։ Անհրաժեշտ է անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անել։

Հայցում եմ Ձեր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ միանալու ընդհանուր գործին և միասին հասնելու մեր մեծ ժողովրդական նպատակին։ Համոզված եմ, որ միասնական ուժերով և ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Ժամանակն է տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է»։