Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է Երեւանում 33 հազար հանդիսականի համար նախատեսված «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծ՝ այս մասին լրատվամիջոցների խմբագիրների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Առաջիկայում ՀՖՖ-ն կընդունի պոտենցիալ ներդրողների եւ ավելի հստակ կներկայացնի ծրագիրը, որը հավանության է արժանացել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի կողմից:

«Ինֆանտինոն նշեց նաեւ, որ կժամանի նոր ստադիոնի բացմանը եւ ինքը կտեղադրի առաջին քարը, ինչպես նաեւ կնպաստի, որ այնտեղ անցկացվեն կարեւոր խաղեր եւ մարդիկ գան Հայաստան», - ասել է Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով «Հրազդան» ստադիոնի ճակատագրին՝ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ այն 26 միլիոն դոլար պարտքի դիմաց գրավադրված է HSBC բանկում: Այդ գումարը վճարելուց բացի, անհրաժեշտ կլինի նաեւ մոտ 100 միլիոն դոլարի ներդրում «Հրազդանը» միջազգային չափանիշի հասցնելու համար: Սակայն ստադիոնի տեղն ու հաղորդակցության խնդիրները եւս կարող են հետագայում խանգարել դրա շահագործմանը:

Հանդիպմանը քննարկվել են հայկական ֆուտբոլին առնչվող հրատապ հարցեր: Հայկական ֆուտբոլի ղեկավարի երազանքն է ազգային հավաքականը տեսնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում, իսկ Հայաստանի Բարձրագույն խմբում տեսնել թիմեր բոլոր մարզերից:

ՀՖՖ նախագահը նշեց նաեւ, որ պետք չէ ֆեդերացիայի աշխատանքը գնահատել միայն Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով: