Իսպանական առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնը» սեփական դաշտում 3:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց Սեւիլիայից ժամանած «Բետիսից»: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի վնասվածքից հետո առաջին խաղն սնցկացրեց եւ դարձավ դուբլի հեղինակ, սակայն դա չօգնեց կատալոնական ակումբին, որն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով: Ընդմիջումից հետո «Բարսելոնը» 2 անգամ կրճատեց հաշիվը, սակայն 10 խաղացողներով մնալուց հետո բաց թողեց նաեւ չորրորդ գոլը եւ պարտվեց: «Բետիսն» անցկացրեց արտակարգ հանդիպում եւ ոչնչով չզիջեց մրցակցին:

«Կամ Նոուում» «կապտանռնագույները» վերջին անգամ չորս գոլ բաց էին թողել այսօր արդեն հեռավոր 2003 թվականին, «Դեպորտիվոյի» հետ խաղում: Կատալոնական ակումբն առաջին տնային պարտությունը կրեց այս մրցաշրջանում, սակայն 24 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում: 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ալավեսն» ունեն 23-ական միավոր: «Բետիսը» 16 միավորով 12-րդ տեղում է: