«Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին։ Օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը։ Նաև առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում։ Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագորման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին։ Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։ Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»:
Արմեն Աշոտյան

Հիմա էլ ամենայն հայոց ինքնակոչ-անկոչ ավիադիսպետչեր դառնալու հավակնությա՛մբ տոգորված Արմեն Աշոտյանը փոքր ժամանակ չէղնի՞ «գուզեր լոտչիգ դառնար», բայց էրեխուն զոռով առան-տարան ՀՀԿ «պիտոմնիկ»:
Հիմա, որ էդ «պիտոմնիկը» փակվեց, տղեն անցել է իր մանկական մուրազի իրականացմա՞նը՝ մի վերապահությամբ. իրանից «լոտչիգ» դուրս չեկավ, գոնե դիսպետչեր դուրս գա: Էն էլ՝ ոչ միայն օդային երթևեկության, այլ առհասարակ ազգի ամե՛ն երթևեկության գլխավոր դիսպետչեր: Թե՞ էդպես եթերներում ու ինտերնետում էսօր ճախրելով՝ իրեն վերջապես «լոտչիգ» է պատկերացնում, մանկության մուրազն է աշ-աշ իրականացնում:։

Ավա՜ղ, էդ էլ չստացվեց: ԱԺ առայժմ պատգամավոր ԱԺոտյանին դրին, դաժան մերժեցին. և՛ էս կոնկրետ հարցում, և՛ առհասարակ բոլոր հարցերում մերժեցին տղուն:
Տղու ուզածն էլ ախր գիտե՞ք ինչ էր: Հե՜չ, հասարակ բան: Ինքն էսքան տարի թե՛ «սամայլոտով», թե՛ «վեռտայլոտով» Չկալովից շատ վերուվար անելուց հետո, պետության հաշվին ոչ թե «իշխանական կայֆեր» անելուց, այլ էդ «կայֆի տակ» մի՛շտ լինելուց հետո հանկարծ որոշեց էդ վերուվար անելու դեմը շատ կտրուկ առնել, «սա՜ղին կայֆալոմ անել», դիսպետչեր դարձած՝ մեր ավիահաղորդակցության վիճակը կարգավորել:

Ախր բա ինչո՞ւ էդ «կայֆալոմի լոմը» ձեր օրոք մի օր չառար ու սեփական գլխիդ մի օր չհագար. «պռիչոսկե՞դ» վախեցար հանկարծ փչացնես, ա՜յ «լոտչիգի» տեղ տենց բտված «պոնչիկ» դարձած բկավեր: Ա՜յ թափանցիկ աշխատելու հանկարծակի ֆանատ, թափանցիկ ես ուզո՞ւմ: Ձեզ պե՞ս թափանցիկ, որ թափով գալիս, ի՜նչ թիվ ուզում էիք, թափով կրակում, թափով անցնում էիք: Էդպե՞ս թափանցիկ: Թե՞ աշխարհով մեկ սփռված ձեր վիլլաների ցուցակի պես «թափանցիկ»: Թափանցիկ չէիք՝ բա ի՞նչ էիք: Ազգի կեսը «թափով-թափանցիկ» սահմանն անցկացրիք, գաղթական սարքիք, ազգն էլի աշխարհով մեկ սփռեցիք, որ էդ ընթացքում ու դրա դիմաց ձեր էդ վիլլաները աշխարհով մեկ սփռեք, ու որ հիմա գաք ու «թափանցիկ աշխատանքի» էնտուզիա՜ստ էսպես ձեզ ձեռնադրեք:

Բա ձեր ժամանակ ձեր էդ լուծարված թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության, թե՛ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ինչո՞ւ մի անգամ մերօրյա գաղթն հանց ազգային աղետ չքննարկեցիք, հույժ շտապ ու հույժ էդպես «թափանցիկ» միջոցներ ինչո՞ւ չձեռնարկեցիք. ձե՞ռ չունեիք, թե՞… գլուխ: Գլուխ ունեիք, բայց էդ գլխներդ մենակ ձեր ճղճիմ «դարդերի» շուրջն էր թափո՜վ, «թափանցի՜կ», խելահե՜ղ ֆռռում. սի՛րտ չունեիք ու մի՛տք չունեիք, էդ սրտում-մտքում տեղ չունեիք էդ աղետի համար:

Բա ձեր ժամանակ ինչո՞ւ մի անգամ էդպես «թափանցիկ» հայոց էն մյուս աղետը՝ կոռուպցիան չքննարկեցիք: Էսօր որ ծակը լուսավորում են, էդտեղ ձերոնք են մկան պես կրում, մկան պես կրծում: Բա մի անգամ գոնե մեկին էդ մութ տեղից արևերե՛ս ու լուսերե՛ս բերեիք, մի անգամ գոնե պղտոր ջրերում ձուկ բռնողներին «որսագողության» մեջ գոնե կասկածեի՜ք, մի անգամ պղտոր էդ ջրի երեսը ելած տականքից ջուրը զտեիք, ջուրն ազատեիք: Հիմա բոլորդ դարձել եք էդ զտելու գործում կողքից հրահանգ տվող առաջամարտիկ, ժամը մեկ մի հատ «նակա՜զ» եք տալիս, մի հատ հրահա՜նգ: Հերիք չէ՞ սեփական անդուր երես պաշտեք, ա՜յ երեսպաշտներ: Բայց ախր երես չունեք, որտեղի՞ց եք էդ չեղած երեսը գտնում ու պաշտում ու էդպես աներես, բայց էդպես երեսպաշտ, ձեռ ու ոտ ընկած՝ էսօր պահանջում՝ ձեր 10-20 տարվա չարածը էս 10-20 օրում վռազ կատարեն: Հա՜, կատարողն արդեն դո՜ւք չեք լինելու, դրա՜ համար եք ձեռ ու ոտ ընկել: Համ էլ էդպես ձեր չարածները նորերի վրա սիրուն կջարդեք:
Քանի տարի է ԱԺ ամբիոնին կպել-սոսնձվել, գործ անելու տեղ Պլատոնից ես ցիտատներ անում: Չլինի՞ տանը էդ մի գիրքը կար, թե՞ քեզ լո՜ւրջ Պլատոնի տեղն ես դրել, տղա՜: Իսկ գուցե կարգես քեզ Դիոգենե՞ս. մտնես մի հատ տակառ ու աշ-աշ, շաշ-շաշ հնչող էդ անդուր ձենդ անսպառ վերջապես կտրե՞ս…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ