«Այս հիվանդանոցը հեքիաթ է»՝ հյուրերին ընդունելիս այսպես ներկայացրեց այն նորակառույց բժշկական կենտրոնի բուժանձնակազմը: Հիվանդանոցը նախատեսվում էր ավարտին հասցնել 2015-ին, նախ շինարարական աշխատանքները ձգձգվեցին, շուրջ մեկ տարի էլ օդափոխության եւ փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո («Տաշիր» բարեգործական հիմնադրամը վերազինված ծննդատունը նվիրեց պետությանը) բշժկական վերջին սարքավորումներով վերազինված համալիրը շահագործման հանձնվեց:

Վանաձորի բժշկական կենտրոնը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի պատվերով, պետական բյուջեի ՝ 5.6 մլրդ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի 1 մլրդ դրամի աջակցությամբ, վերազինվել համաշխարհային բանկի վարկային միջոցներով: «Այսօր շահագործման ենք հանձնում մարզային ևս մեկ, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Այսօր իր դռներն է բացում Վանաձորի նոր բժշկական կենտրոնը, որը Լոռու մարզի շուրջ 220 հազար և մասնավորապես Վանաձորի 79 հազար բնակչությանը հնարավորություն կտա տեղում, իրենց բնակավայրին մոտ, երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալ: Սա նշանակում է, որ մարզի բնակչությունը կարող է ստանալ որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ առանց հասնելու մայրաքաղաք` խնայելով ժամանակը, կրճատելով ծախսերը», -բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի յուրաքանչյուր քաղաքացու:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն էլ ընդգծեց. «Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքե՞րը, թե՞ կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը: Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում»:

Նորակառույց այս բարձրակարգ կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատուն (40 մահճակալ), վերազինվել է այնպիսի բժշկական սարքերով, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Կենտրոնում իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են 6,647.0 մլն դրամ: Ինչպես մասնագետները նշեցին, մայրաքաղաք հիվանդների հոսքը արդեն իսկ զգալի պակասել է: 10 օրվա ընթացքում 22 լազերային վիրահատություն է կատարվել, նախկինում այդ հիվանդները գնում էին մայրաքաղաք:

Վանաձորի բժկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը փաստում է հսկայական շենքի եւ սարքավորումների հետ կապված ձմեռային պահպանման ծախսերը 5 անգամ ավելացել են՝ նախկին 6 մլն-ի փոխարեն, այժմ 30 մլն է հաշվարկվել, բայց դրա հետ չեն ավելանա բժշկական ծառայության գները. «Ես, որպես լոռեցի, երջանիկ եմ, որ այսուհետ այսպիսի բժշկական կենտրոն կա մեր մարզում, ուղղակի խնդրում եմ ազգաբնակչությանը պահպանել , արդեն իսկ մի քանի դեպք է գրանցվել ջարդելու, անտարբերությամբ մոտենալու, նաեւ գողանալու», -ասաց Վարդան Աբովյանը:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ