Գյուղատնտեսական ապրանքների թանկացումից հնարավոր է խուսափել, քանի որ մթերման գինը չի փոխվել, գյուղացին նույն գնով է ապրանքներ տալիս:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա` այս պահին խոշոր առևտրի ցանցերի քաղաքականությունը՝  գյուղմթերքը թանկացնելուն միտված, տեղին չէ:

«Ո՞վ է ասում, որ մենք գյուղմթերքը պետք է գնենք սուպերմարկետից, ավելին՝ այս հարկման մեխանիզմը պիտի տարվի նրան, որ ՓՄՁ-ները սուպերմարկետների նկատմամբ որոշակի առավելություն ունենան, որ կարողանան մարժա ունենալ»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը: Նա  ընդգծեց, որ այսպիսով կարող են ոչ խոշոր առևտրի խանութների  շրջանառությունն ավելացնել, մրցակցություն ապահովել:

Հիշեցենք, որ մի շարք մթերային առևտրի ցանցեր հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է, որ առևտրային  ցանցերի գործունեությունը, գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել են ռիսկի տակ՝ հաշվի առնելով մի շարք  սկզբունքային հարցեր:

Մթերային առևտրային ցանցերը նախազգուշացնում են նաև ներմուծման ծավալների զգալի աճի հնարավորության մասին:

Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ դրանից  խուսափելու ճանապարհ ևս կա:

«Ամենատիպիկ օրինակը՝ երբ պետությունն ասում է՝ այո՛, չեմ արգելում լոլիկի  մեծածավալ ներմուծում, բայց պարտադրում եմ, որ լոլիկը լինի փաթեթավորված, մակնշված»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նա ընդգծեց, որ ներմուծվող մթերքների անվտանգության հետ կապված հստակ վերահսկողական մեխանիզմներ են պետք:

Բաբկեն Պիպոյանն ընդգծեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մթերման, իրացման, ներմուծման հետ չի կարելի խաղ անել, այնինչ երկար ժամանակ այդպիսի   քաղաքականություն է տարվել:

«Ամեն ինչ տեղային  ստուգողական աշխատանքով է կատարվել: Ես նախկին նախարարին շատ հարգում եմ, բայց մի հայտարարություն հերիք էր, որ ասեինք՝ գյուղոլորտից հեռու է. ասում  էր՝ դե շուկա է, գին է թելադրում: Խնդիրն այն է, որ  պետք է քաղաքականությունը վերանայվի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ մթերային առևտրի ցանցերում միսը 15-20 տոկոսով արդեն իսկ թանկացել է: