ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոստացավ մոտ ապագայում տեղեկացնել հանրությանը գերատեսչությունում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ի ներկայացուցիչներն այցելել են իր ղեկավարած նախարարություն, Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ շուտով կներկայացնի, թե որտեղ է բյուջեյով հաստատված ծրագրերի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր տեսնում: «Ինչից հետո կհասկանանք՝ դիմելու ենք իրավապահ մարմիններին, թե ոչ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել:

Ինչպես պարզվեց, նոր նախարարն իր սեփական գաղափարներն ունի, իսկ կշարունակվե՞ն արդյոք նախկին նախարարի գաղափարները, դեռ հայտնի չէ: Գերատեսչության աշխատանքի նոր ոճի բոլոր մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ գոհ է նա իր նախորդի՝ Հրանուշ Հակոբյանի աշխատանքից, թե ոչ:

Նրա խոսքով՝ եթե կոռուպցիոն ռիսկեր չհայտնաբերվեն, ծրագրերը կշարունակվեն: Նախարարը ռիսկեր է տեսնում նաեւ նրանում, որ ծրագրերը իրականացրել են միեւնույն ընկերությունները: Սակայն ավելի հիմնավորված պատասխանի համար, ըստ նրա, ժամանակ է անհրաժեշտ:

Հայրենադարձության վերաբերյալ հարցին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել էր, նախարարը պատասխանեց, որ խոսքը վերադարձի համար ինստիտուցիոնալ նախադրյալների ստեղծման մասին է: Ըստ նախարարի՝ հայրենադարձ կարող են դառնալ նրանք, ովքեր իրենց ճակատագիրը չեմ կապում երկրի հետ, որտեղ ապրում են, եւ սպասում են տուն վերադառնալուն: