«Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սփյուռքի նախարարությանը», -ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել երկրում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները:

Քանի որ «Ներուժ» ծրագրի նպատակը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով Հայաստանի տնտեսության զարգացումն է, սփյուռքահայ ձեռներեցների հետ հինգ օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչները կաշխատեն հնարավորինս ընդգրկուն ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը։ Վերջում 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։

Սփյուռքի նախարարության կայքում ծրագրի մասին տեղադրված ինֆորմացիայից պարզ է դառնում, որ ծրագրին մասնակցել կարող են նաև հայաստանաբնակ երիտասարդները, իսկ այդ հնարավորությունը ստեղծվել է «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Ներուժի թիրախային ոլորտներ են սահմանվել գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու նորարար տեխնոլոգիաները, այսինքն՝ ներկա պահին ՀՀ տնտեսության գերակա հայտարարված ճյուղերը։ Բայց թե պետբյուջեից «Ներուժի» իրականացման համար կոնկրետ որքան գումար կհատկացվի, հստակեցված չէ: