Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացված Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին (London World Travel Market) հայկական տաղավարում նաև Արցախն էր ներկայացված։ Զբոսաշրջային ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետների կողքին Արցախի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչների ներկայությունը, բնականաբար, չէր կարող հիստերիայի ալիք չբարձրացներ ադրբեջանցիների մոտ։ Նրանց դժգոհությունը ոչ միայն հիստերիայով արտահայտվեց, այլև միջոցառման կազմակերպիչներին հղած բողոքով, որով պահանջում էին հայկական տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու Արցախի հետ կապված նյութերը։

Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տանելով համապատասխան աշխատանք՝ կարողացավ ապահովել թե´ Արցախ անվան գործածումը, թե´ տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելությունը հյուրերին։ Երկու հագեցած օր անցկացնելով Միացյալ Թագավորության մայրաքաղաքում՝ Արցախի ներկայացուցիչները ոչ միայն հաջողությամբ ներկայացրին երկրի զբոսաշրջային հնարավորությունները, այլև գործնական կապեր հաստատեցին մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ։