ՀՀ կառավարությունը մերժել է Արմեն Աշոտյանի մշակած օրենսդրական նախագիծը։ ՀՀԿ գործիչը առաջարկում էր փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես նախատեսվում էր վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու նոր կարգ սահմանել։ Նախագծում շեշտվում էր, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից տվյալ օդանավից և ուղղաթիռից օգտվելու մասին տեղեկությունները, որում պետք է նշվի օգտվող անձանց տվյալները, օգտագործման նպատակը և պետական բյուջեից հատկացված գումարի չափը, կանխավ հրապարակումներ կատարվեն ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Արմեն Աշոտյանը, նախաձեռնությունը հիմնավորել էր նշելով, որ նման փոփոխությունը կապահովի թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի նկատմամբ։
Իհարկե, այսպիսի օրենսդրական նախաձեռնությունը կարող էր դրական արձագանք գտնել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում, եթե նախագծի հետևում Աշոտյանը չլիներ կանգնած։ Թող միտքս սխալ չընկալվի, քավ լիցի, հարցը անձի մեջ չէ, այլ հեղինակի ընտրած ժամանակահատվածի։ Մի պատգամավոր, որ տարիների քաղաքական անցյալ ունի, շատ չի՞ ուշացել նման ազնվության պոռթկուներ ունենալու համար։ Ի դեպ՝ նիստը վարող փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս արտահայտել է իր զարմանքն ու ափսոսանքը․«Ուզում եմ զարմանքս հայտնել․նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը թափանցիկության աստիճանն ապահովելու համար և կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ»։