Խե՜ր, շա՜ռ, Ա՛ստված: Խե՜ր, շա՜ռ, Ա՛ստված:
Խերը ժողովուրդն արդեն իր համար պարզել-պրծել է վաղուց. խերը ժողովուրդը վաղուց կապում է իր արած հեղափոխության ու այդ հեղափոխության լիդերների հետ:

Շառը, պարզ է, ում հետ է կապում ընտրող ժողովուրդը. կապում է նրանց հետ, ում համարում է «հակահեղափոխական», «ռևանշիստ», մի խոսքով՝… «տականք»: Դրանք իր համար շառ են, իսկ շառից հեռու է պետք լինել: Ու թե խերը իր լիդերներն են, ապա նրանք, որ շառ են, պիտի «լուզեր» լինեն:

Մնաց Աստված: Աստծու հետ ժողովուրդն իր այն հույսերն է կապում, որ այս անգամ իր ընտրածն Աստծու կամքով ու Աստծու զորությամբ ու Աստծու օրինակով իրեն տեր կկանգնի:
Ախր ի՞նչ անի ժողովուրդը. երկիրը սարքել էին մի հատ համատարած, մեծ «Նուբարաշեն», մարդիկ էլ անցան էդ «Նուբարաշենում» ամենատարածված «գաջեթին»՝ «թզբեխին», ու էդպես գնա՜ց. «Խե՜ր, շա՜ռ, Ա՛ստված», «խե՜ր, շա՜ռ, Ա՛ստված»…

Հա՛, ընտրարշավը «թավշյա» է լինելու: Ընտրարշավը շառից հեռու է լինելու: Անգամ նրանք, ում ժողովուրդը շառ է համարում, դրանք էլ անշառ բան են լինելու, քանզի իսկապե՜ս եթե շառ եղան, շառներն ստիպված քաշեն-կգնան, ուստի ճարնե՞րն ինչ, որ անշառ չլինեն:

Ում ժողովուրդը խեր է համարում, նրան էլ կընտրի, ու իրեն էդ գործում իր Աստված կօգնի, քանզի «ձայն բազմաց՝ ձայն Աստծու»: Ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ