«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»:
Վիգեն Սարգսյան, ՀՀԿ-ի հերթական նոր դեմք

Այո՛, ի տարբերություն ձեռքերը լվացած ու մի կողմ քաշված էն երեսպաշտի՝ Պիղատոսի, է՛ս երեսպաշտներն իրենց ձեռքերը երբեք չեն լվա:
Ինչո՛ւ:
Մեկ է, ձեռքերն էդ չեն մաքրվելու: 20 տարի ձեռքի տեղ փող են լվացել:
Ուշ է. շատ հնուց բարձիթողի արված ու չլվացված ձեռքերն ի՜նչ լվաս:

Իրենք, ըստ իրենց հայտարարության, նաև ստարտի են կանգնել՝ ապաշխարելու: Էդ էլ չի լինի ու չի ստացվի. մեղքեր կան, որոնք, ավա՜ղ, չեն քավվում, քանզի չեն ներվում: Հա՜, ուրի՜շ բան, եթե իրենք Աստծո՜ քով գնային, Աստծո՜ դուռ էդպես խմբով ծեծեին. քանզի Աստված ամեն բան ներում է, էդ է՜լ կներեր: Բայց իրենք կարծեմ դեռ չեն պատրաստվում Աստծո քով գնալուն: Եթե չեմ սխալվում, իրենք պատրաստվում են ընտրողների՛ քով գնալ-ներկայանալուն: Իսկ արդեն բա՛րդ այդ պարագայում իրենք դժվար գլուխ բերեն ապաշխարելու ու, որպես փոխհատուցում, ներվելու գործը:

Էնպես որ, պարոն Վիգեն Սարգսյանն իր «արհեստավարժ թիմին» նման խոստումներ թող էդքան շատ չտա. առանց այդ էլ դրանք մերժված-«տանջված» մարդիկ են. նորից հուսախաբ եղան՝ էս անգամ իսկականի՛ց պտի հոգեբանների դռները ընկնեն ու խմբակային սեանսների մասնակցեն:
Ինչ խմբակային սեանսների՞:
Հանրահայտ «Տժվժիկի» հերոսի հանգույն ասենք՝ ի՞նչ է, չե՞՜ք հիշեր: Է՛ն է՜լի, որ ասում է.
-Ողջո՜ւյն, ես Շարմազանովն եմ…
-Ողջո՜ւյն, ես Աշոտյանն եմ..
-Ողջո՜ւյն, ես Շարմազանովի ու Աշոտյանի մյո՛ւս տարբերակն եմ, բայց, խոսքը մեր մեջ, ես իրանց պատճենն եմ…
Ու սեանս վարող հոգեբանն ու իր ողջ էդ կուրսը դաշն կարձագանքեն դրանց.
-Ողջո՜ւյն, «Շարմազանովների» ու «Աժոտյանենց» «քոփի» արածներ, բայց դարձյալ նույն դասին պատկանող արարածներ…

…Քիչ էր մնում, որ ամենակարևո՛րն անեմ մտահան:
Ամենացնցո՛ղը:
Պարզվում է՝ ՀՀԿ-ն, երևի իր Գերագույն մարմնի արտահերթ նիստի հատուկ «թեզիսով», որոշել է ոչ թե խռովել ժողովրդից, այլ… չխռովել: Ուստի, ոնց որ էս դեպքերում ասում են, հենց իրա (ժողովրդի) ջգրու ինքը կմասնակցի այդ ընտրություններին: Հայտարարության կեղծավոր ոգով ասած՝ նրան (ժողովրդին) նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի:

Դե ինչ էլի՜ գոհ ենք, որ պահանջագիր ու վերջնագիր կամ «ռազնարյադկա» չեք ներկայացնելու, այլ ընդամենը ծառայելու հայտ: Բայց մի բան հարցնեմ. 20 տարի է՝ էդ հայտը ինչո՞ւ չէիք ներկայացնում ու հիմա հանկարծ ներկայացրեցիք:
Բանն այն է՝ էդ ձեր հայտը, որ 20 տարի անհետ կորած էր, վաղուց դարձել ու հայտարարվել է անվավեր, սպառել իր գործողության ժամկետները բոլոր և՛ թույլատրելի, և՛ անթույլատրելի: Ուստի կներեք, բայց վախենամ, որ ձեր ներկայացրած այդ «խոշոր» հայտը ժողովուրդը խնամքով փաթաթի 20 տարի ձեր գործունեության մասին առավոտից իրիկուն անպատկառ ստեր հայտարարած ձեր եթերները հեռարձակող ա՜յ այն աշտարակին…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ