Եվրադատարանը բավարարել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Սերոբ Օսմանյանի բողոքը։ «Ազատության» փոխանցմամբ՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Սերոբ Օսմանյանը պետությունից 10 հազար եվրո կստանա տարիներ առաջ գերակա շահ ճանաչված սեփական հողատարածքի դիմաց ոչ պատշաճ փոխհատուցման համար։

Օսմանյանի խոսքով՝ 10 տարի առաջ դատարանի պարտադրանքով իր 3800 քառակուսի մետր վարելահողը ընդամենը 145 հազար դրամի դիմաց հանձնել է հանք բացող «Վալլեքս» ընկերությանը։

Հատկանշական է, որ Սերոբ Օսմանյանը միակը չէ, որ տուժել է «Վալլեքս» ընկերության գործունեությունից։ 15 տարի առաջ Թեղուտ և Շնող գյուղերի շուրջ 423 ընտանիք զրկվել է սեփականությունից, որոնցից 106-ը դեմ էին գրոշների դիմաց զիջել իրենց հողատարածքները հանքարդյունաբերությանը։ Գյուղաբնակները փաստում են, որ հողակտորները «Վալլեքս» ընկերությունը գնել է ծիծաղելի գներով՝ քառակուսի մետրի դիմաց վճարելով ընդամենը 36-60 դրամ։ Նման մոտեցումը գյուղացիները որակում են, ոչ ավել, ոչ պակաս, քան նախկին իշխանությունների կողմից իրականացված ռեկետ։

Սեփականությունից զրկված բնակիչները իրենց իրավունքների պաշտպանության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների են հանդիպել՝ ոչ մի կազմակերպություն չէր ցանկանում հողատարածքների կրկնակի գնահատում իրականացնել, ոչ մի փաստաբան չէր ցանկանում ներկայացնել շնողցիների շահերը դատական գործընթացներում։ Վերջինները ճարահատյալ դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Ազատությունը» հայտնում է, որ այսօր Եվրոպական դատարանի վճռին է սպասում ևս 9 ընտանիք։ Ըստ նրանց փաստաբանի՝ հնարավոր է, որ Ստրասբուրգում այս գործով կայացած առաջին վճիռը նախադեպային իրավունքով տարածվի նաև «Վալլեքս» ընկերությանն անցած ավելի քան 180 հողակտորների սեփականատերերի նկատմամբ։