Պարզվում է՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին տրամադրում իրար դեմ։ ԵՊՀ ուսանողական խորհրդին բոլորովին այլ բովանդակությամբ նամակ է ուղարկում, Ռեստարտ նախաձեռնությանը՝ այլ։ Թերևս սա մի նոր ոճ է՝ խնդիրները տեղում սպանելու և լռեցնելու կամ էլ երկու ճամբարում էլ խաղաղության աղավնի ձևանալու։

Ահա ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ամեն ինչ մանրամասն ներկայացրել է. «Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը սեպտեմբերի 20-ին նամակ է ուղարկել ԿԳ նախարարին, որի մեջ խոսում է ԵՊՀ ՈւԽ կանոնադրությանն առնչվող մի քանի խնդիրների մասին: Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, նամակը հիմք ընդունելով, հոկտեմբերի 2-ին նամակ է ուղարկում ԵՊՀ, որտեղ առաջարկում է հրավիրել ընդհանուր ուսանողական ժողով, ընդունել նոր կանոնադրություն, ներկայացնել նախարարության հաստատման:

Փոխնախարարի առաջարկին պատասխանել ենք պատրաստակամությամբ և հոկտեմբերի 24-ից սկսել ենք ՈւԽ կանոնադրության բարեփոխման նախաձեռնությունը:
Մինչդեռ հոկտեմբերի 17-ին Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին ուղղված իր պատասխան նամակում փոխնախարար Հովհաննիսյանը նշում է, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել գործող ուսանողական խորհուրդը, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ, կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից: Իսկ ինչպես հիշում եք, ԵՊՀ-ին ուղղված փոխնախարարի նամակի մեջ ուսանողական խորհուրդը լուծարելու, նոր ուսանողական խորհուրդ ձևավորելու և ուսանողական կառույցի նոր ընտրություններ անցկացնելու մասին ոչինչ գրված չէ»:

Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը պարզաբանում է պահանջել ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից, փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանից՝ շեշտելով, որ հակառակ դեպքում այս ամենը կարող է ընկալվել երկակի խաղ, որն իր սուր ծայրով ուղղված է բուհական ինքնավարությանն ու ուսանողական ինքնակառավարմանը: Ստեղծված իրավիճակը շտկելու համար Ափոյանը դիմել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

ԿԳ նախարարության կողմից ուղարկված երկու նամակները՝ ստորև։ Փոխնախարարի առաջին նամակը՝ ուղղված ԵՊՀ-ին,

երկրորդը՝ Ռեստարտ նախաձեռնությանը.

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ