Արա Բաբլոյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Նա մտադիր է ամբողջապես վերադառնալ առողջապահական համակարգ՝ շարունակելու համար իր մասնագիտական գործունեությունը։ Ավելին՝ ընտրություններում չի առաջադրվելու նաև Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը։

Նա համոզված է, որ երիտասարդ հանրապետակաները պետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ ունեն և՛ մարդկային, և՛ մասնագիտական լուրջ պոտենցիալ, որը պետք է օգտագործել հետակա զարգացումների համար։ Բաբլոյանը գտնում է, որ եթե ՀՀԿ-ն բարեփոխումներ իրականացնի կուսակցության ներսում, կարող է պետությանն օգտակար լինել։ Նա հիշեցնում է իր՝ կուսակցությանը միանալու պատճառները․«Երբ ես մտա ՀՀԿ 2012-ին, մտա միայն այն բանի համար, որովհետև կուսակցությունը վերցրել էր այն ճանապարհը, որ մոնոպոլիաների դեմ պայքարեր, կոռուպցիայի դեմ պայքարեր։ Ես եղել եմ կառավարության անդամ, իշխանության մեջ և եղել եմ ոչ կուսակցական։ Արդեն ԱԺ-ում էի, երբ մտա կուսակցություն։ Այսինքն մտա ոչ թե նրա համար, որ պաշտոն զբաղեցնեմ, այլ որ կարողանայի մասնակցել, ավելի ճիշտ ձևով ծրագրերն առաջ տանել»։

Հ․Գ․Որքանով էր ՀՀԿ-ն «պայքարում» մոնոպոլիաների և կոռուպցիայի դեմ, թերևս դրա լավագույն պատասխանը կայացած հեղափոխությունն է, թե որքանով Արա Բաբլոյանին հաջողվեց մասնակցել ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ ականատես եղանք ազգովի։ Այնպես որ՝ խոսքի ու գործի հակասությունը մակերեսին է, ու մախաթը պարկում չես թաքցնի, որքան էլ փորձես ջանալ կամ չքմեղանալ: