Օրերս տնտեսագետ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում մի հետաքրքիր գրառում էր արել ֆինների մասին։ Տնտեսագետը նշում էր սկանդինավյան այդ ազգին բնորոշ այն հիմնական հատկությունները, որոնք պայմանավորում են այդ երկրում կոռուպցիայի շատ ցածր մակարդակ։

Պարզվում է՝ ֆինները սեփական ընտանիքի հարստացումն այլոց հաշվին համարում են ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Նրանք գիտակցում են նաև, որ պետբյուջեի միջոցների վատնումը կամ թալանն ատելություն է սեփական երեխաների ու թոռների նկատմամբ. չէ՞ որ նրանք են օգտվելու վատ ճանապարհներից կամ սովորելու անորակ դպրոցներում։

Այս գրառումը կարդալուց հետո մի պահ մտածեցի՝ կգա օրը, մեզ մոտ էլ նման մտածելակերպը համատարած կդառնա։ Բայց այդ լավատեսությունն անմիջապես ցրվեց, երբ հիշեցի Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի ելույթն ԱԺ-ում, երբ հայտարարեց, որ Հայաստանում գործող 150 փոքր հէկերի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ։ Այսինքն՝ թե որքան ջուր են օգտագործում այդ հէկերը, ջրօգտագործման թույլատրելի շեմը պահպանում են, թե ոչ, հայտնի չէ, ու արդեն քանի տարի շարունակ այդ վիճակն է տիրում։

Ամռան տապին, երբ ոռոգման ջրի պակասից գյուղացու աչքի առաջ իր մշակած այգին չորանում էր, երբեմնի չինովնիկ Հովիկ Աբրահամյանի խաղողի այգիներ էր հասցվում հալալ քրտինքով արարող ու քաղաքաբնակ հայրենակիցներին պտուղ-բանջարեղենով ապահովող գյուղացուց գողացված ջուրը։

Մի բան էլ հիշենք. ընդամենը երեք ամիս առաջ երկրի գյուղատնտեսական մարզերից մեկում՝ Արմավիրում, ոռոգման ջրի խնդիրն այնքան էր սրվել, որ գյուղացիները ստիպված չորացող այգիները ոռոգում էին կոյուղաջրերով ու դա այն դեպքում, երբ տարեսկզբին ջրի անհրաժեշտ քանակը հաշվարկվել ու համապատասխան քանակով էլ բաց էր թողնվել։ Բայց արի ու տես, որ տարվա կեսին գյուղացին կանգնել էր փաստի առաջ ու, պարզվում է, դա էլ առաջին անգամը չէր։ Գյուղացիներն անձամբ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ժամանակին ոռոգման ջրի աղբյուր հանդիսացող Սևջուր գետը, բացի կոյուղաջրերից, այլ ջուր չի լցվում արդեն մի քանի տարի։ Այդ ժամանակ լիազոր մարմինը մի կողմից, Կառավարությունը՝ մյուս, խառնվեցին իրար, որպեսզի խնդրին հրատապ լուծում տան։ Քանի որ խնդիրն այնքան լուրջ էր, որ արտեզյան հորերի օգնությամբ լուծել չստացվեց, Սևանից կրկին հավելյալ ջրառ իրականացվեց։

Դեռևս այդ ժամանակ հասկանալի էր, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ անհայտ ուղղություններով մեծ ծավալով ջուր է գնացել, բայց կոնկրետ հասցեները դեռ հստակեցված չէին։ Հիմա, կարծես թե, կամաց-կամաց գողերը մերկացվում են։ Ստվերային այգիների մշակույթը, որ ստվերում ձևավորվել ու տեղը տեղին էլ զարգացել էր՝ ապահովելով տերերի գրպանների հաստացումը պետության ու նրա բարեխիղճ քաղաքացու հաշվին, ոնց որ, ստվերից դուրս է հանվում՝ պարտադիր ոչնչացման նպատակով։

Հուսանք՝ դրա «լուծարման» գործընթացն անդառնալի կլինի, իսկ ջրի մյուս գողերն էլ ժամ առաջ ուշքի կգան ու ինքնակամ կհրաժարվեն որդեգրած անընդունելի գործելաոճից։ Ի վերջո, ջրի գողն էլ գող է, էն էլ՝ վտանգավոր գող։