«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված Երևանի առաջին «խելացի» այգին արդեն կարող է հյուրեր ընդունել։ Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ մայրաքաղաքին արված Բադալյան ընտանիքի նվերը՝ շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին, իր տեսակով առաջինն է Երևանում: Այգու էլեկտրամատակարարումը, ինչպես նաև գիշերային լուսավորությունն արևից ստացվող էներգիան կապահովի։

Տեխնոլոգիական նոր ու խելացի լուծումներով հագեցած այգին այցելուների համար ոչ միայն հարմարավետություն կապահովի, այլև կտնտեսի՝ որքան հնարավոր է։ Այգու արտաքին լուսավորությունն ապահովող ինքնակառավարվող լամպերն ուժեղ կլուսարձակեն բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կլինեն։

Վահե Բադալյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ վստահեցրել է՝ հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու: Արհեստական ջրավազանները, հարմարավետ նստարանները, անվճար WI-FI-ը, մանկական խաղահրապարակն ու հասարակական զուգարանը կնպաստեն, որ այգին երևանցիների համար ծառայի, հիրավի, որպես հանգստի գոտի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քաղաքապետը շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ նշել է. «Սա Երևանը սիրելու ամենալավ միջոցն է և այն արտահայտելու ամենալավ ձևը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երևանին: Վստահ եմ՝ երևանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, և շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաև արևային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երևանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»։

Երկրորդ այգին, որը նոր տեսքով բացել է դռները երևանցիների առաջ, Կոմիտասի անվան զբոսայգին է։ Ի տարբերություն նախորդի, այս այգին Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով է բարեկարգվել։ Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։