Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն սպառնացել է ստեղծվելիք եվրոպական ակումբային սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստներին Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակցության արգելումով: «Կամ միասին ենք, կամ էլ հեռացեք: Այս թեզը ներառում է ամեն ինչ: Սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցաշարերի՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին», -Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է AP-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Եվրոպայի 16 առաջատար ակումբները մտադիր են 2021 թվականին դուրս գալ ՈւԵՖԱ-ից եւ ստեղծել անկախ մրցաշար: «Մանչեսթր Յունայթեդը», «Մանչեսթր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Ռեալը», «Բարսելոնը», «Յուվենտուսը», «Միլանը», ՊՍԺ-ն եւ «Բավարիան» կլինեն սուպերլիգայի հիմնադիրները եւ այնտեղ երաշխավորված տեղ կունենան առաջիկա 20 տարում: «Ինտերը», «Ռոման», «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» եւ «Մարսելը» կլինեն հյուրի կարգավիճակում: Սուպերլիգան կունենա խմբային փուլ եւ փլեյ-օֆֆ: