Զանգվածային լրատվության այդ զորեղ միջոցը եթեր կոչեցին, ու… կրակն ընկան: Քանզի այդ դաշտում տիրող բարքերը, ապրելակերպն ու գործելակերպը դարձան ի՛սկը եթերում ճախրող թևավորների բարք, ապրելակերպ ու գործելակերպ:

Նախ, իրենք սկսեցին լո՜ւրջ իրենց վերևում կարծել, արև-աստղերին իրենց ավելի մոտիկ, մերձավոր ու արժանի կարծել: Ապա, էդ հողի վրա սկսեցին էնքան իրենց կորցնել, որ վերևից վար սկսեցին ինչ ուզես անել երկրի վրա ապրող, «ճախրել» չիմացող ու մահկանացու ակնդիրների-ունկնդիրների «հեգ» գլխներին:

Ցուցադրում ենք սա՛, ու… վե՛րջ, սա՛ է հայոց «տաղանդի» վերջին ճիչն, ու… վե՛րջ. բոլորդ մի մարդու նման սա՛ եք դիտում, սրանո՛վ զմայլվում, սա՛ որպես վերջին լուր ու ճշմարտություն, կամ այս սերիա՛լը որպես արվեստի վերջին ճիչ ու աղաղակ ընդունում, ու… վե՛րջ…

Ու իսկապես որ էդ վերջը եկավ: Վերջին լուրերը իսկապես դարձան վերջին-հետին լուրեր, տակը մնացած, թերմացք, «կոմբիկեր» կամ էդ լուրերը հայտնողներին տրված ողորմության ու նպաստի դիմաց հրապարակավ հայտնած երախտիքի խոսք: «Վերջին ճաշակով» նկարահանված հաղորդումներն ու սերիալները նույնպես դարձան վերջին, նույնպես դարձան հետին, էնքան հետին դարձան, որ ընկան գետնին, հավասարվեցին էդ գետնին, բայց դրանց հեղինակները չմտան գետին…

Ո՛վ ի՛նչ պատվիրեց ու եթեր հանեց, է՛ն դարձավ ազատ խոսքի «մարմնացում»: Բայց էդ «մարմնացումն» իմ տեսակետից սխալ տերմին է ու սխալ եզրույթ, քանզի չակերտների մե՛ջ առած՝ «մարմնացում» այդ եզրույթն ավելի շատ եզրեր ունի «մարմնավաճառությո՛ւն» եզրույթին, ավա՜ղ:
«Պետական մամուլ», «պետական եթեր» արտահայտությունները ԽՍՀՄ փլուզումից հետո դարձան հայհոյանք, պետական մամուլն ու պետական եթերը ԽՍՀՄ փլուզումից հետո ո՜նց պախարակվեցին, դատափետվեցին, բայց որ էդ մամուլն ու էդ եթերը հիմա էլ դարձան ձայնազուրկ գերին ոմն կուսակցության կամ ոմն ձեռներեցի, կամ որ դարձան ոչ թե պետական, այլ ոմն իշխանավորի՛ ճորտերն ու գերին, էդ անտեսեցին, չնկատեցին, նման գերության խաթրին չկպան: Որ էս-էն փող ունեցողը սկսեց նվագ պատվիրել ու այդ նվագի տակ իր վարձկան «մունետիկներին» անդուր երգել տալ, անդուր պարեցնել, դա անտեսեցին, դրան բան չասին:

Ինչքա՜ն մարդ իշխանափոխության հաջորդ օրը Հ1 էր ընկած ման գալիս ու չէր կարենում գտնել: Գիտե՞ք՝ ինչու. էդ «ալիքի վրայով», անցնում, բայց էնքան անճանաչելիորոն փոխվել էր, չէին նկատում ու այդ «նորացված» Հ1-ի «վրայով» անցնում-գնում էին:

Այսօրվա մեր եթերն ինձ պատկերանում է հանց ձմեռվա նեղ ու ձմեռվա գորշ ու կողպած երկինք, որտեղից երկիր վայրէջք կատարող մրսած, կուչ եկած ճնճղուկներն իրարից կեր ու փշրանք են փախցնում ու ծտան պաշար: Ծտան պաշար, որ «մեծահոգաբար» իրենց են նետում նրանք, ովքեր «մեծահոգաբար» տիրություն են անում հայոց այդ «ազատ» հայտարարված, բայց իրականում՝ գերված եթերում:
Հարկ է, որ վերջ տանք «վերջին» ու հետին համարում ստացած մեր եթերային այս անցուդարձին. հայոց «ազատ ու անկախ» եթերին գերությունից շուտ ազատել է պետք…

Եթերներն, առհասարակ, որպես օրգանական նյութ, իրենց բույրով մարդու խելքամաղ են անում: Մի եթեր կա սոսկ, որ ոչ թե իր բույրո՛վ է խելքամաղ անում, այլ իր…իր հոտով: Չասեմ՝ ո՛րն է այդ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ