Սույն հայտարարությունը կայքում զետեղում ենք ոչ այն պատճառով, որ Շարմազանովն առանձնահատուկ ուշադրության օբյեկտ է կամ սուբյեկտ, մարդ է, որ դարակազմիկ մտքեր է արտահայտում ու դրանցով զորագնդեր է շարժում: Քավ լիցի: Շարքային քաղաքացու մեկն է, ով ժամանակին Անդրանիկ Մարգարյանի ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ սանիկների երամի տեսքով, նրանով թևեր առավ, թևեց, թևե՜ց, մինչ որ իր անպտուղ կուսակցության պես գահավիժեց զուտ այն պատճառով, որ սկսեցին Աստծուն Ասոյով դիմել, իսկ ժողովրդի մասին էլ մտածել, որ գլխին ինչ պոպոք էլ կոտրեն, ճարն ինչ, պիտի հանդուրժի:

Էդիկ Շարմազանովի սույն հայտարարությունն ամեն ինչից մի քիչ զղջումի, երկրի ու ազգի համար հանգուցային ճշմարտությունների առաջ մի քիչ խոնարհումի պես բան է՝ ամեն ինչով ուշացած ու, եթե անկեղծ, հավատ էլ չներշնչող, որովհետև այդ զգացողություններով ու գիտակցումով պիտի ապրեր ու գործեր այն ժամանակ, երբ ձեռքին լծակներ ուներ, երբ երկիրն իր կուսակիցներն անխնա թալանի էին մատնել, երբ լկտիաբար հայտարարում էին իրենց դեմ խաղ չլինելու մասին, որ ինչ ուզենան՝ կանեն, որ մարդկանց բարձրացրած հարցերին պատասխանում էին դոզայի տակ եղածի աչքերով «իյա՜, իրո՞ք» անհոդաբաշխություններով… Ո՞ր մեկը թվարկենք:

Այն ժամանակ պիտի խոսեիր ու գործեիր, Էդիկ: Ա՛յն ժամանակ: Իսկ քեզ դեռևս տեղ տալու համար շնորհակալ եղիր մեր մեծ հանդուրժողությունից:
Այսքան բան, եթե իրապես կարողացար հասկանալ այն, ինչ ասացինք: Բոլոր դեպքերում Աստված քեզ հետ:

Henq.am

«Հարգելի հայրենակիցներ
Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությամբ՝ վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ իմ մտահոգությունները այս կարևորագույն հարցի վերաբերյալ։
Հայաստանը, լինելով քրիստոնեական օազիս պանթուրքիստական պետությունների միջև, դատապարտված է ապրելու բացառապես հենվելով քրիստոնեական և ազգային արժեհամակարգի վրա։ Որոնք են այդ արժեքները․հայ ավանդական ընտանիք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, դպրոց, որը նախ և առաջ պետք է լինի հայրենասիրության տաճար և ազգային բանակ։
Արդյոք մենք պատշաճ կերպով պաշտպանել ենք այդ արժեքները։ Արդյոք այսօր Հայաստանում առկա են ապազգային չարժեքների, աղանդավորության և նույնասեռականության քարոզի տարրեր։
Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով՝ ներխուժում Մայր Աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ այլ երևույթներ։ Գործը հասել է նրան, որ որոշ «կարկառուն գործիչներ» առաջարկում են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներից, իսկ կառավարությունն էլ որևէ հստակ գնահատական չի տվել դրանց առ այսօր, ինչպես ասում են՝ լռությունը համաձայնության նշան է՞։ Սա անթույլատրելի է։
Մտահոգված լինելով այս իրողություններով՝ գործընկերներիս հետ երկու օրենսդրական նախաձեռնությամբ էի հանդես եկել, որոնց համաձայն՝ երեխաների շրջանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը։ Մյուս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում էի օրենքով արգելել բողոքի հավաքների կազմակերպումը Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հաստատությունների տարածքում։ Բայց արի ու տես Փաշինյանի կառավարությունը այս երկու օրենսդրական
նախաձեռնություններին էլ տվել է բացասական եզրակացություն, որը մեղմ ասած՝ ընդունելի չէ։
Կարծում եմ՝ այս գումարման Ազգային ժողովը դժվար թե հասցնի քննարկել այս օրենքները, բայց հուսով եմ, որ նորընտիր Ազգային ժողովում այս օրենքները պետք է քննարկվեն և ընդունվեն։
Ես շարունակելու եմ պայքարել և՛ Խորհրդարանում և՛ այլ հարթակներում ազգային և քրիստոնեական արժեքների զարգացման ու պահպանման համար։ Ինչպես ՀՀԿ առաջնորդ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր նշում․«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»։ Սա Սպարապետ Վազգենի խոսքերն են, իսկ ես որպես թե՛ որպես պատգամավոր թե՛ որպես քաղաքացի դատապարտել և դատապարտելու եմ աղանդավորության և նույնասեռականության քարոզը»։