2019թ. ամսական նվազագույն աշխատավարձի չափը կմնա նույնը՝ 55 հազար դրամ, չի փոխվի նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի չափը։ Իսկ ահա երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը, ինչպես ավելի վաղ հաստատվել է, կկազմի 150 հազար դրամ՝ նախորդ տարվա 50 հազարի փոխարեն։

2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող բյուջեի ծախսային հիմնական ուղղությունների մասին այսօր Խորհրդարանում մանրամասներ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը. «2019 թվականին հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Պետական բյուջեից իրականացվող պետական ծրագրերն այս տարի ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրով 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ։ Այստեղ նախորդ տարվա համեմատ նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով»։

Եթե որոշ ծրագրերի մասով ֆինանսների կրճատում է ակնկալվում, ապա կենսաթոշակային ապահովության ու կուտակային համակարգի հատկացումների մասով աճ կլինի։ Կենսաթոշակային ապահովության համար նախատեսվող ծախսը 12 միլիարդ 393 միլիոն դրամով ավել կլինի նախորդ տարվանից։ Քանի որ կուտակայինի շահառուների թիվն աճել է, 14 միլիարդ 146 միլիոնով էլ ավել կլինի կուտակային կենսաթոշակային համակարգի համար նախատեսվող ծախսը՝ կազմելով 56 մլրդ 779 մլն դրամ։
«Ավանդների փոխհատուցման համար տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ-ին տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ, և փոխհատուցում կստանան մինչև 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները», -ասաց փոխնախարարը։

Հավելենք, որ գալիք տարվա բյուջեն 34 մլրդ 748 մլրդ դրամով ավելի կլինի ընթացիկ տարվա բյուջեից։