Վրաստանի սահմանը հսկող սահմանապահ զինծառայողներից շատերը ազատվել են աշխատանքից։ Նրանց մեծ մասը աշխատանքի է ընդունվում թե չէ, 1-2 ամսից ինքնակամ ազատվում է ծառայությունից: Այս մասին մամուլին է պատմել զինծառայողներից մեկը, ով աշխատանքից դուրս գալուց հետո սկսել է որպես տաքսիստ աշխատել։ Պարզվում է՝ սահմանապահ շարքային զինծառայողի աշխատավարձը բարձր չէ` 130 հազար դրամ: Ինչպես զինծառայողն է նշել՝ այդքան աշխատավարձով հազիվ կարելի է յոլա գնալ, ոչ թե ընտանիքը նորմալ պահել:

Ցածր աշխատավարձի հետ խնդիր են նաեւ ծառայության պայմանները: Վրաստանի հետ Նոյեմբերյանի սահմանագոտին ձգվում է սարերի գլխով կամ Դեբեդ գետի ափով: Սարերի գլխին ամռանը ուժեղ քամիներ են փչում, որոնք ձմռանն ուղղակի անտանելի են դառնում: Դեբեդ գետի հոսքն իր հետ օդի սառը հոսանք է բերում:

Հայ սահմանապահները ոտքով քայլելով` հսկում են հայ-վրացական պետական սահմանը: Ի տարբերություն հայ սահմանապահների՝ Վրաստանի սահմանապահները ձմռանը չեն մրսում, քանի որ Հայաստանի հետ սահմանը հսկում են «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաներով, որը Վրաստանի սահմանապահներին նվիրել է ԱՄՆ կառավարությունը:

Նշենք, որ Վրաստանի հետ ՀՀ պետականի սահմանի պահպանությունն իրականացնում են ՀՀ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները: Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի մի զգալի հատված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում է:

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման միակ տեղը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տեղամասում, որտեղ գործում է Հայաստան մտնող բնական գազի կոմպրեսորային կայան: