Նոյեմբերի 9-ին ՀՀ առողջապահության նախարարությունը և Սննդամթերքի ավտանգության տեսչական մարմինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որով կմեկնարկի հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության (հակամանրէային ռեզիստենտականության՝ ՀՄՌ) դեմ պայքարին նվիրված միջոցառումների շաբաթը՝ տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Ուստի շատ կարևոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման կուլտուրայի ներդրումը և ավանդական բուժման մեթոդներից և դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին՝ նկատի ունենալով, որ դրանց սխալ և չգիտակցված մոտեցմամբ կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կանցկացվեն հանդիպումներ անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ, կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ: Սեմինարներ կկազմակերպվեն նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների համար, որտեղ կներկայացվեն հակամանրէային միջոցների շրջանառությունն առավել տեսանելի և վերահսկելի դարձնելուն ուղղված քայլերը: