Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններից հետո հավանաբար հարկ կլինի վերանայել Սահմանադրությունը: Մասնավորապես նշել է, որ ԵՄ-ն աջակցել է սահմանադրական բարեփոխումներին՝ դրական գնահատելով անցումը խորհրդարանական համակարգի, սակայն պարզվել է, որ վարչապետի ձեռքում չափից շատ իշխանություն է կենտրոնացած:

Սվիտալսկին եւս մի քանի հարց է նշել, այդ թվում՝ սփյուռքի մասնակցությունը Հայաստանում իշխանության ձեւավորմանը: Նա կարծում է, որ Սահմանադրությունը նորից փոխելու կարիք կա:

Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին էլի է խոսվել՝ հատկապես խորհրդարանի լուծարման համատեքստում։ Սակայն ինչպես տեսանք, ԱԺ-ն հնարավոր եղավ արձակել նաև առանց այդ փոփոխությունների։ Այն մասին, որ գործող Սահմանադրությունը գրվել է Սերժ Սարգսյանի համար, շատ է խոսվել, սակայն որոշ վերլուծաբաններ էլ նշում են, որ մայր օրենքը լիովին ձեռնտու է նոր կառավարությանը:

Կա՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Հայաստանում, իհարկե, կան ուժեր, որոնք ցանկանում են վերադառնալ կառավարման նախագահական համակարգին: Դա ձեռնտու է այն մարդկանց, որոնք քաղաքական պլատֆորմ ունեն և հենվում են ֆինանսական ու քաղաքական ռեսուրսների վրա: Ներկայիս խորհրդարանական համակարգով առանց կուսակցության անհնար է իշխանության հասնել: Դա էր թերևս խանգարում նաև Ռոբերտ Քոչարյանին, որը մինչեւ ընտրությունները չկարողացավ քաղաքական պլատֆորմ ստեղծել:

Հատկանշական է, որ Սվիտալսկին անդրադարձել է նաև սփյուռքի մասնակցությանը Հայաստանում իշխանության ձեւավորման գործում։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էլ փորձ արվեց սփյուռքի մասնակցությամբ երկպալատ խորհրդարան հիմնել, սակայն հաջողությամբ չպսակվեց: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ սփյուռքի ներկայացուցիչների ընտրության արդյունավետ մեխանիզմ չգտան: Նախևառաջ թերևս պետք է սփյուռքի մասնակցության արդյունավետ մեխանիզմներ մշակվեն այդ հարցում հաջողության հասնելու համար։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ