Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Չի լինելու։ Այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում՝ հաշվի առնելով ռիսկերը, անվտանգությունից ելնելով։ Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը»։

Օսիպյանի նման հայտարությունը հնարավոր է ցրեց հազարավոր անհանգստացած քաղաքացիների և օգտատերերի մտահոգությունները, ովքեր արդեն մեկ ամիս շարունակաբար փորձում էին կանխել ֆորումի կայացումը բողոքի ցույցերով և համացանցային գրառումներով։ Թեպետ վերջնական իրենց դժգոհությունն արտահայտելու համար նախատեսված հավաքն ընդդեմ ԼԳԲՏ համայնքի, այնուամենայնիվ, կայացավ։ Այսպիսի միահամուռ դիմադրություն հայության կողմից երևի մեկ էլ հեղափոխության ժամանակ էր, երբ մի գաղափարի շուրջ համախվեցին պատգամավորներ, ուսուցիչներ, շարքային քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքի ակտիվ գործիչներ։

Թեմայի վերաբերյալ իր հեղինակավոր կարծիքը հայտնեց անգամ Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայտարարելով, որ այսօր, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ։ «Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի հանրայնացումն ու դրա գովազդումը, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար», -ասել էր Գարեգին Բ կաթողիկոսը։

ԼԳԲՏ համայնքն էլ պակաս ինտենսիվությամբ չէր հակադարձում հասարակության կողմից հնչող բացասական կարծիքներին։ Նախանձելի օպերատիվությամբ համացանցում հայտնվեցին բոլոր թաքնված հոմոսեքսուալ հակումներ ունեցող հոգևորականների և քաղաքական գործիչների մասին պատմող տեսանյութեր և գրառումներ՝ մի նոր շոկի ենթարկելով հանրությանը։ Պատռվեցին մի շարք «ազգի հարատևության վտանգները կասեցնող առաջամարտիկների» դիմակները՝ բացահայտելով իրական դեմքերը․․․

Թեև թեժացել էին կրքերը և երկուստեք էր դիմադրությունը, բայց հասարակության գերակշռող մասի պայքարը կարծես թե տվեց պտուղներ, և աղմկահարույց ֆորումը չեղարկվեց։ Իհարկե, չեղարկումից դժգոհողներ էլ եղան։ Պաշտոնապես իր բացասական կարծիքը հայտնեց Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Վերջինս գտնում է, որ ԼԳԲՏ ֆորումի չկայացումով իշխանությունները չապահովեցին մարդկանց՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, և նման մոտեցումը իրավապաշտպանը որակեց որպես խայտառակ ձախողում։

Ամեն դեպքում պետք է նկատել, որ այսքանով հարցը փակված չէ և ամեն ինչ այդքան էլ հստակեցված չէ։ Նոր կառավարության ձևավորումով միանշանակ այս խնդրհարույց թեմային դեռ կառերեսվենք:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ