Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու գործընթացը սկսվել է: Շատերն արդեն հայտարարել են, որ չեն առաջադրվելու ո՛չ կուսակցական, ո՛չ ռեյտինգային ցուցակներով: Նախ այդ մասին հայտարարեցին կառավարության անդամներ Դավիթ Տոնոյանն ու Արթուր Վանեցյանը: Որոշվել է, որ ուժային կառույցները պետք է չխառնվեն քաղաքական գործընթացներին:

Հետո հրաժարումները մյուս կողմից սկսեցին: Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հուզիչ հայտարարություն է արել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին անցած տարիներին աջակցության համար եւ հայտարարել առաջադրվելու անիմաստության մասին:

Հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու: Խաչատուր Սուքիասյանը եւս բացառել է իր մասնակցությունն ընտրություններին: Շատ հետաքրքիր հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ գլխավորելու է իր կուսակցության ցուցակը, բայց «դոշ չի ծեծելու տոկոսների համար», և որ ինքն առանց մանդատի էլ լուրջ, կայացած մարդ է, ինչից ոչինչով չես հակադարձի: Անգամ հիշեցրել է ԱՄՆ նախագահ Թրամփի օրինակը, որ նա, խոշոր գործարար լինելով հանդերձ, դարձավ նախագահ։ Ի դեպ, երեկ Գագիկ Ծառուկյանը միանգամից երկու ձեռնարկություն է բացել՝ արեւային մարտկոցների ու տեքստիլի արտադրության:

ՀՀԿ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության հարցը: Նոյեմբերի 9-ին պետք է կուսակցության հավաք լինի: Պետք է ենթադրել, որ ՀՀԿ-ն կմասնակցի՝ հույս ունենալով ստանալ ձայների մինչեւ 20%-ը: Թե ում կառաջադրի ՀՀԿ-ն ռեյտինգայինով, դեռ հայտնի չէ։ Գուցե այստեղ և՞ս նոր մարդիկ լինեն։

Եվ շատ հնարավոր է՝ ապագա խորհրդարանում չլինեն աչքին սովոր մարդիկ, գուցե նրանց փոխարինելու գան երիտասարդներն ու անփորձները: Հարուստ մարդիկ էլ, «վերջապես», բիզնեսով կզբաղվեն: