Այս վերջին հատվածի զարգացումներն այնպիսին եղան, որ հայկական տարրը առանցքային դերակատարություն ունեցավ ռուսական սպորտի անունն ու փառքը նորովի հնչեցնելու գործում: Անվիճելիորեն դրանում ծանրակշիռ էր մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի ներդրումը, ով տասնինը տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանին վերադարձրեց անհատական հաշվարկում բազմամարտից աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում էր Դոհայում:
Սա այնպիսի ձեռքբերում էր, այնքան երկար սպասված ձեռքբերում, որ անգամ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն անկարող եղավ իր հիացքը զսպել: Շնորհավորելով հայազգի մարզիկին՝ նա ի մասնավորի ասել է. «Դուք վերադարձրիք մեր երկրին ոսկին, որը չէինք ունեցել գրեթե 20 տարի: Սա մեծ, հիրավի նշանակալի իրադարձություն է մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ավանդ նրա հաղթական ավանդույթների շարունակության համար»։

Ոչ պակաս նշանակալի իրադարձություն էր և Կարեն Խաչանովի մրցելույթը Փարիզի «Մաստերս» մրցաշարում, որտեղ դարձյալ Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկն ունեցավ փայլուն մրցելույթների շարք, հասավ եզրափակիչ ու այստեղ ծնկի բերեց ոչ ավելի, ոչ պակաս, աշխարհի ներկայիս թիվ երկու թենիսիստին՝ Նովակ Ջոկովիչին:
«Նա ամբողջ շաբաթը լավ էր խաղում ու ամբողջովին արժանի էր եզրափակչի հաղթանակին: Նա երիտասարդ, սակայն արդեն կայացած խաղացող է, որն աճելու է: Այսօր նա ցույց տվեց հրաշալի որակի թենիս ու հասկացրեց, որ մենք ապագայում նրան հաճախ ենք տեսնելու», -ասել է սերբ Ջոկովիչը, ով թենիսում ամեն ինչ տեսած մարզիկ է: Ահա այսպիսի յուրօրինակ մաղթանք-ուղեցույց մեր քսանմեկամյա հայրենակցին, որն Անդրե Աղասուց հետո հավակնում է դառնալու մեր երկրորդ մեծությունը մեծ թենիսում:

Իհարկե, շատ ավելի զիլ կլիներ, եթե մեր այս տղաները հանդես գային Հայաստանի դրոշի տակ, բայց իրավիճակն այնպիսին է, որպիսին կա: Մնում է միայն ցանկալ ու երազել, երազելով ձգտել երկիրը բերելու այնպիսի որակի ու մակարդակի, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվեր իր պատմական հայրենիքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ