«Մենք աշխարհի առաջին երկիրն ենք լինելու, որտեղ հայտարարությունների մակարդակում արմատախիլ են արել կոռուպցիան։ Եթե 5 ամսում հնարավոր է այդ բոլոր երևույթները հաղթահարել հայտարարություններով, սա նշանակում է՝ այս կառավարությունն ինչ ուզի, կարող է անել՝ հայտարարելով»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Մենք աշխարհում առաջին երկիրը եղանք, որն, ունենալով հինգհազարամյա պատմություն, որը, լինելով բիբլիական երկիր, իր տնտեսության զարգացման մակարդակով, իր ՀՆԱ-ով ու իր զարգացման տեմպերով և իր «էքս»,«կիքս» ու «կեքս» նախագահների «ակտիվ ջանքերով» հետ ընկավ անգամ Բուրկինա-Ֆասոյից, գնաց-հասավ է՜ Մադագասկար: Չթողին, թե չէ դուք ձեր ջանքերով տանելու էիք ո՞ւր. ճիշտ կռահեցիք, Անտարկտիդայի պինգվիններին հյուր:

Խնդրե՛մ: Նայե՛ք, թե ըստ «Վիքիպեդիայի»՝ համաշխարհային տարբեր հաշվառող կազմակերպությունների հրապարակած տվյալներով որտեղ ենք գտնվում մեր ՀՆԱ-ի հեգ ծավալներով.

Մենք աշխարհում առաջին երկիրը եղանք, որի պառլամենտն օրը ցերեկով ուղիղ եթերում գնդակահարվեց. երկրի և՛ առաջին, և՛ երկրորդ իշխանությունները 20 վայրկյանում բիրտ գլխատվեցին:

Մենք աշխարհում առաջին երկրի ժողովուրդը եղանք, որն անկախություն ստանալուց հետո, իր «էքս», «կիքս» ու «կեքս» նախագահների ջանքերով, ոչ թե բուռն աճեց, այլ «բուռն» կիսվեց, մի բուռ էր, դարձավ կես բուռ, ջլատվեց, քանզի էդ «էքսի», «կիքսի» ու «կեքսի» ջանքերով՝ ազգի հալալ կեսը նորից պանդուխտի տխուր ուղին բռնեց: Ըստ իս՝ անվերադարձ:

Մենք աշխարհում առաջին երկիրը եղանք, որի «կիքս»-նախագահը 10 տարի բացահայտ, 10 էլ տակից, թաքուն իշխանության գլուխ լինելով ու իր օրոք բուռն կոռուպցիա փթթեցնելով, այսօր «5 ամսեկան» վարչապետից պահանջում է այն, ինչ 20 տարի ինքը չարեց, իսկ առավել ճշգրիտ՝ ճիշտ հակառակն արեց:
Մենք աշխարհում առաջին երկիրը եղանք, որի այդ «կիքս»-նախագահը իր այդ երկրի ամեն նման ողբերգության առաջ կույր է աչոք, կույր է նաև մտոք:

Կույր է աչոք, մտոք, քի՜չ է, դեռ այդ աղետների շուրջ էլ ստեպ-ստեպ այսպես «շուլուխներ» է անում:
Ու ըստ այդմ՝ վախենամ, որ մենք աշխարհում առաջին երկիրը լինենք, որի ժողովուրդը էդ «կիքս»-նախագահի արած «շուլուխներին» ի պատասխան մի օր նե՜նց «շուլուխ» անի, որ ինքը՝ «կիքսը», ուշաթափ լինի: Ու հենց ուշքի գա, Նուբարաշենի «պեյզաժի՛ց» հիմա էլ ուշաթափ լինի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ