Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվել է 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման եւ հացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարի շրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսված են: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաեւ գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:

Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների եւ շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարու գնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարու ընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝ մինչեւ նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երեւանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երեւանի պահեստում՝ 113 դրամով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբ իրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի եւ տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-ից դրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետեւողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճ կազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով: