«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Հետևողական ենք ու սպասում ենք իրավապահ մարմինների աշխատանքին», -Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Տարիներ շարունակ ոռոգման համակարգում կորուստների անթույլատրելի բարձր ցուցանիշները նախկին կառավարությունը կապում էր ոռոգման համակարգի մաշվածության հետ, որ ժառանգություն էր մնացել դեռևս սովետի տարիներից։ Թեպետ վերևներում լավ էլ տեղյակ էին կորուստների իրական պատճառների՝ ստվերում մնացած հողատարածքների մասին, որոնք ոռոգվում և գերշահույթ էին ապահովում «արտոնյալ» դասի համար։

Գիտենալը գիտեին, սակայն խելամտորեն լռում էին, քանզի նման անցանկալի թեմայի բարձրաձայնումը վնասելու էր միայն ու միայն բարձրաձայնողներին։ Եվ բացարձակ տարօրինակ չէր, որ հեղափոխությունից անմիջապես հետո, նորընտիր իշխանությունները առերեսվեցին այս խնդրի հետ, որն էլ դարձավ պատճառ Սևանից հավելյալ ջրառ կատարելու համար, հակառակ դեպքում գյուղական 55 հազար տնտեսության հողերը ոռոգման խնդիր կունենային։

Իհարկե, ինչպեսև սպասելի էր, «հետհեղափոխական ընդդիմությունը»՝ քաջատեղյակ լինելով կորուստների իրական պատճառներին, վերջիններին մեղադրեց այն բանում, որ քննադատելով իրենց կառավարության որոշումները, շարունակում են այդ նույն ոճում աշխատել։ Ուստի ուրիշ տարբերակ չէր մնում, քան ձեռնամուխ լինել կնճռոտ թեմայի խորքային լուծմանը՝ բացահայտելով օրենքը հմտորեն շրջանցող խոշոր ֆիգուրներին։

Արդեն հոկտեմբերին «ստվերային այգիների» մասին խոսակցությունները հաստատվեցին, որի մասին Տիգրան Ավինյանը հրապարակեց առաջին տվյալները։ Փոխվարչապետը նշում էր, որ ջրի արդար բախշման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և չեն վճարում օրինական վճարները։

Երեկ Պետական վերահսկողական ծառայության հրապարարակած գրառումից պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացվել, ի սկզբանե ամենից շատ կասկածներ հարուցող, «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում։ Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է խողովակների ապօրինի միացումներ, որոնցով, նախնական հաշվարկով, 15 տարի շարունակ ոռոգվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող խաղողի այգիները, որոնց համար այս տարիների ընթացքում կատարվել են չնչին վճարումներ։

Չգիտեմ որքանով էր այս «բացահայտումը» բացահայտում, քանի որ բամբասանքների մակարդակում այս մասին գիտեին բոլորը, բայց շարունակում էին աչք փակել ակնհայտ ապօրինության վրա։ Նման «արդյունավետ» բիզնես-նախադրյալների դեպքում հեչ զարմանալի չէ, թե որքան արագ էր հարստանում Հովիկ Աբրահամյանը, որքան հաջողակ գյուղատնտեսի համբավ էր վայելում նեղընկերական միջավայրում և ինչ շքեղ պալատներ էր կառուցում միլիոնատերերի թաղամասում։