Որոշ արեմտյան լրատվամիջոցներ «նկատել» և գրում են այն մասին, որ երեկ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին խնդրել է պահպանել սպառազինությունների մրցավազքը զսպող պայմանագրերը: Նա ասել է, որ Ռուսաստանն առաջարկում է վերականգնել ԱՄՆ հետ կապի ալիքները և լիաձեւաչափ երկխոսությունը:

Հետաքրքրական է, որ առաջարկը հնչել է Փարիզում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Պուտինի եւ Թրամփի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Հանդիպումը կայանալու է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ կազմակերպված վեհաժողովին:

Եվ ինչպես արդեն նկատելի է, ԱՄՆ-ն ակտիվացրել է արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Դա թերևս նկատում է նաև Ռուսաստանը, և գուցե դրա համա՞ր է սկսել փոխել մարտավարությունը. Լավրովը ԱՄՆ-ին խնդրում է դուրս չգալ պայմանագրերից:

Իսկ ի՞նչ «դիրքում» է գտնվում Հայաստանը Ռուսաստան-ԱՄՆ այս հետաքրքիր մրցավազքում։ Թերևս Մոսկվան չի ուզում այստեղ կորցնել իր ազդեցությունը, ուստի և զգույշ վերաբերվեց նաև Հայաստանում հեղափոխությանը՝ այն «մայդան» չանվանելով:

Հետաքրքրական է, արդյո՞ք Հայաստանը սկսել է «ինքնիշխան» գործել։ Թերևս որոշ քայլեր ստիպում են այդպես մտածել։ Օրինակ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդեն ոչ թե Եկատերինբուրգ է գնում դիտելու ՀԱՊԿ խաղաղարարների վարժանքները, այլ Կոսովո (որը Ռուսաստանը չի ճանաչել) եւ Լիբանան: Հայաստանը պահանջներ է ներկայացնում Ռուսական երկաթուղիներին եւ երկաթուղու զարգացման հայեցակարգ է մշակում՝ անգամ Հարավկովկասյան երկաթուղուն չհարցնելով, ինչի մասին հենց ռուսներն են խոսում: