Շփոթի մեջ երկնած մտքեր
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը որոշել է «ձոն» նվիրել Նիկոլ Փաշինյանին։ Ու երևի մի ամբողջ շաբաթ մտածել է, թե ինչպես կարելի է առավել սենսացիոն գրառում կատարել։ Մտածել-մտածել ու, իր արևին, ելքը գտել է՝ գրելով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ»։

Չասենք թե չարախնդում է պարոն Ֆարմանյանը, բայց հանդիպակաց մի հարցի անհրաժեշտություն այնուամենայնիվ ծագում է. «Հետաքրքիր է, պարո՛ն Ֆարմանյան, եթե Նիկոլը չէ ու դո՛ւք էիք ձեզ լիարժեք իշխանություն զգում, ինչո՞ւ այդպես «շանթահարված» հեռացաք այդ իշխանությունից, ինչո՞ւ այդպես խոնարհ ու հեզ քվեարկեցիք հօգուտ Փաշինյանի, որ նա դառնար վարչապետ»:
Մենակ թե պատասխանելուց առաջ ուղեղդ չմոռանաք միացնել, որ դատարկ-դատարկ դուրս չտաք, թե իրականում երկու անգամ էլ չքվեարկելով եք քվեարկել: Դա անգամ տառաճանաչության հետ պրոբլեմներ ունեցող հանրապետականներիդ համար ծիծաղելի կհնչի, քանզի իսպառ տրամաբանազերծ (տեսնո՞ւմ եք՝ ձեզ համար անգամ բառ հորինեցինք) անբովանդակ միտք կլինի: Կարճ ասած՝ իմաստակություն:

Տրամաբանությանդ դասախոսին այնուամենայնիվ անբավար չէինք գնահատի, քանզի առաջինին երկրորդը կապակցելու ելքն այնուամենայնիվ գտել եք՝ սեփական փորձից իմանալով, որ եթե մարդը լիարժեք իշխանություն չի զգում, պիտի իր համար թշնամու գաղափար ստեղծի կամ կերտի: Ձեր պարագայում այդ թշնամին ժողովուրդն էր, որի համար անմարդկային գոյության պայմաններով ստեղծելով, հեռանկարի լույս չթողնելով՝ պարտադրել էիք ինքնակամ բռնել արտագաղթի ճամփան:



Գյուտ, որ կարող էր ձգել Նոբելյանի, եթե…

Նիկոլի պարագայում ձեր արած գյուտը գուցե թե Նոբելյան մրցանակի կարելի լիներ առաջադրել, եթե չկապվեր ձեզ՝ հանրապետականներիդ ու ձեր դաշնակիցների հետ, որոնց մի մասին այդպիսին էիք դարձրել պարտադրաբար ու մեթոդական ճնշումներ բանեցնելով, ինչ-ինչ բաներում ու բաներով ահաբեկելով, մի մասին էլ, պարզ է, իրենց բնածին ծախվածության թելադրանքով: Վերջիններիս առնչությամբ չափից ավելի եզակին ավելի քան չափից ավելի հոգնակի հնչեց, բայց թե զառամյալ են, ուրախանալու այլ բաներ չունեն, ուստի թող մանկամտորեն ուրախանան իրենց շատությունից:

Ու քանի որ կանխագուշակելով՝ գտել եք ում պիտի գտնեիք, խենեշ խինդով տրվում եք անզուսպ փլիսոփայելուն, որը, խոստովանենք, ձեր ուժեղ կողմը չէ, ու բարեկամաբար կուզենայինք հետագայում հաշվի առնեք. «Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք են «թշնամիներ»։ Իր ընկալմամբ՝ չկա «թշնամի», չի լինի նաև իր իշխանությունը, որին այդքան ձգտել է։ Այսօր ու երեկ դա ՀՀԿ-ն էր ու իր երեկվա դաշնակիցները, վաղը կլինեն իր այսօրվա դաշնակիցներն ու վաղվա թիմակիցները և այդպես շարունակ»։

Ապագայի մեջ թափանցելու հայոց Մեսինգիդ մտքի զորությունը չունենալով՝ բնականաբար չենք վիճարկի այն, ինչը դեռ չի եղել ու այստեղ իսկապես թողնում ենք, որ պարոն Ֆարմանյանի երևակայությունը մի լավ աշխատի, ինքն էլ իրեն լավ զգա իր «բացահայտած ճշմարտության» մեջ ու անցնենք առաջ:

Անցում հույներին
Ասում եք, թե Փաշինյանը չի կարողանալու մեր հանրությանը ապահովել «հացով», ուստի ժանրի անտիկ կանոններով մնում է ժողովրդին կերակրել «տեսարաններով»։

Հռոմում, Հին Հռոմում, իրավ այդպես էին վարվում, պարոն Ֆարմանյան, ու այս իմացության համար, որ անգամ մանկապարտեզի երեխային հայտնի է, տրամվայի տակ ընկած մի հատ երեք այնուամենայնիվ կդնենք ձեզ, սակայն շատ ավելի ի հիշատակ ձեր իսկ կողմից հոշոտված, արմատախիլ արված երևանյան տրամվայների, բայց չէ՞ որ դուք դա՛ էլ չկարողացաք անել. ժողովրդին ոչ տեսարաններո՛վ կարողացաք կերակրել, ոչ էլ, առավել ևս, հացո՛վ։ Ու քանի որ ա՛յդ աստճանի ապաշնորհ եք, գրողը տանի, բարոյականություն ունեցեք ու գոնե հիմա լռե՛ք։ Հեռացել եք, գոնե մի ավելորդ անգամ մի ՛ հիշեցրեք ձեր մասին։

…Մանիպուլյացիայից եք խոսում՝ գտնելով, թե քաղաքականության ու պետական իշխանության մեջ Փաշինյանի իմացածը դա է, կարծես դուք այնքա՜ն հեռու էիք մանիպուլյացիոն քայլերից, կարծես այնքա՜ն անմեղ էիք ճիշտ և ճիշտ այն հարս բերածի նման, ով, չիմանալով, բերանի տեղակ գդալն ականջն է տանում:

Զուտ նրա համար, որ իսկապես գնահատում ենք մանիպույլացիոն դատողություններով մարդկանց պիտակավորելու ձեր հմտությունը, որքան էլ պարսավելի, պախարակելի բան է այն, զուտ դրա համար հիշատակում ենք ձեր հետևյալ միտք հանգում-բխեցումը. «Քաղաքականության ու պետական իշխանության մասին իր իմացածը դա է՝ տեսարաններ, զգացմունքներ, հույզեր, մանիպուլյացիա, մի խոսքով, ամեն ինչ, բացի այն ամենից, որտեղ կա միտք, որտեղ կա ռացիոնալիզմ, որտեղ կա պատասխանավություն»։

Իհարկե ռազիոնալիզմի հարցում ձեր իշխանությունը խնդիր չուներ. իսկապես ռացիոնալ էիք, ռացիոնալ կերպով խնդիր էիք դրել ժողովրդին երկրից «չորով» հանել դուրս՝ դեպի խոպանի անհաս ճամփեքը։ Հարկավ հենց այստեղ էլ, պարոն Ֆարմանյան, մեր խոսքը կավարտեինք գլոբուսի վրա ձեր տեղի իրական մատնշումով՝ մասնավորապես ու առհասարակ, եթե զավեշտի չվերածվեր համակարգչի կամ ճերմակ թղթի առջև սև սրտով նստելուն ձեզ դրդածը:



Ձոներգության դրդապատճառը

Ձեր այս «ձոնի» բուն նպատակը, պարոն Ֆարմանյան, թաքնված է Սուրբ Աթոռում ՀՀ-ի դեսպան Միքայել Մինասյանի պաշտոնազրկելու մեջ: Ահա՛ թե որն է ձեր անսահման վշտի ակունքը, իսկ անփարատ կսկիծն այդ էլ ավելի է սաստկացել, երբ իմացել եք Միքայել Մինասյանի հոր՝ առողջապահական գործի «փորձառու» կազմակերպիչ, պրոֆեսոր Արա Մինասյանի դեմ առաջադրված մեղադրանքի լուրն առնելով։

Աա՜, կպե՜լ են, կոպտորե՛ն կպել են պարոն Ֆարմանյանի կերակրատաշտի տիրոջը, իսկ դա երբեք ու ոչ մեկին նրա կողմից ներելիք բան չէ: Հետաքրքրականն այն է, որ գյուտ արածի պես պարոն Ֆարմանյանը զարմանում է դեպքերի այնօրինակ դասավորությունից, որպիսին Արա Մինասյանին քրեական հետախուզում հայտարարելու, ժամեր անց նրա որդուն՝ Միքայել Մինասյանին, դեսպանի պաշտոնից հետ կանչելու «զուգադիպությունն» է հանրապետությունից Նիկոլ Փաշինյանի բացակայության հետ: Իհարկե կարելի է «նաշատիրնի սպիրտ» դեմ տալ Ֆարմանյանի պնչերին՝ հիշեցնելու համար, որ երկրում ամեն կարգի այլանդակություն լինում էր հատկապես այն ժամանակ, երբ իր քաղաքական հայր Սերժ Սարգսյանը ոտքը դնում էր երկրի սահմաններից դուրս, բայց թե ինչ հուշես կամ հիշեցնես մեկին, ով դարձել է մերօրյա Ալիսա, ու ապրում է ծուռ հայելիների իր աղջկական թագավորությունում:

Դառնալով Մինասյան ընտանիքին պատուհասածին՝ որքան էլ կերակրատաշտը՝ կերակրատաշտ, այդուհանդերձ պարոն Ֆարմանյանը կարծես թե Արա Մինասյանի հանդեպ հայտարարված հետախուզումը շատ ավելի է սրտին մոտ ընդունել, քան Միքայել Արաևիչի հետկանչը։ Գուցե թե այստեղ արյունակցական կապով պայմանավորված անհանգստությո՞ւնն է բնազդական մակարդակով ավելի շատ առաջին պլան մղվում:

Եթե այդպես է, ապա միանգամայն բնական է՝ եթե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պապա Արա Մինասյանն է հայտարարված միջազգային հետախուզման տեսքով օրենքի թիրախում հայտնվում, ապա Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն ո՞վ է, որ հայտարարված հետախուզման ճանկերից պրծնի: Ի՞նչ է, այդ օրենքն ականջ է կախելո՞ւ պարոն Ֆարմանյանի այն հավաստման առաջ, որ կրիմինալը Ֆարմանյան գերդաստանից կիլոմետրերով հեռու բան է: Եվ իսկապես էլ՝ ի՛նչ կիլոմետրերի մասին է խոսքը, երբ կրիմինալն այդ ընտանիքի մեջ է ու դեռ անհայտ է, թե Ֆարմանյանի քրոջից զատ ուրիշ էլ ում մոտ է իր դրսևորումը գտել:

Իրականության հետ աղերսներ չունենալը վտանգավոր է
Շատ այլ դրվագներով կարելի է անդրադառնալ պարոն Ֆարմանյանի արդեն անհասկանալի էլ է թե առ ինչը «ձոնին», սակայն նրա մի համոզվածությանն էլ անդրադառնանք ու՝ պը՛րծ, քանզի ինչպես կասեր դասականը, երեխան մեղք է:
ՀՀԿ պատգամավորն ավելի քան վստահ է այն բանում, որ նոր իշխանությունը «չի կարող չեղարկել արտաքին քաղաքականության ճակատում թափ հավաքող կատարյալ ձախողումների մահաբեր ձնագնդին»։

Ֆարմանյանը կարծես թե տեղյակ չէ, որ այդ նույն «արտաքին աշխարհը» լավ էլ ջերմորեն է ողջունում Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ ժամանակին իրենց վրա չէին էլ նայում։ Պարոն Ֆարմանյան, այդ Փաշինյանը չէ՞ր, որ Հայաստանը մի փոքր կետից տեսանելի դարձրեց ամբողջ աշխարհին։ Միանգամայն ուրիշ խնդիր է, որ այդ դո՛ւք շարունակում եք չտեսնելու տալ՝ ձեր խոսքի մեջ ռեֆրենի հանգույն մեջբերվող «դըմփ-դըմփ, հու»-ով։ Այս «դըմփ-դըմփ, հու»-ն միակ բանն է, որի համար կարելի է ձեզ «բավարար» գնահատել ու ձեր գոյությունը զավեշտով հիշել «Ֆարմանյան, դըմփ-դըմփ, հու... Ֆարմանյան, դըմփ-դըմփ, հու…» վանկարկումներով:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ
Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ