Դեռ տարվա սկզբին «Ելքին» սևացնող այս «բարձրաշխարհիկ տիկինը» այժմ էլ փուռն է տալիս նախկին իշխանությունների էպիկական դեմքերին, ընդհուպ՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան։ «Նպատակն արդարացնում է միջոցներն» անկասկած Սիլվա Համբարձումյանի կյանքի կարգախոսն է, որ մինչև այսօր ուղեկցում է վաղուց երիտասարդ տարիները ետևում թողած պատկառելի տարիքում գտնվող տիկնոջը։

Հետհեղափոխական շրջանը կարող ենք վստահ արժևորել որպես կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակահատված՝ աղմկահարույց ձերբակալություններով և ոչ պակաս սենսացիոն բացահայտումներով, թեպետ բացահայտումններից շատերը կանխատեսելի էին, քանի որ կոռուպցիոն ռիսկերն առերևույթ էին և դրանց ջրի երես հանելն առանձնակի ջանքեր չէր պահանջում։ Սակայն ուշադիր աչքը կնկատի, որ վերջին ձերբակալությունների և սպասվելիք իրադարձությունների ֆոնի վրա անդադար հոլովվում է գործարար կնոջ համբավ վաստակած Սիլվա Համբարձումյանի անունը, ով անմիջական կապ ունի Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված գործի հետ։ «Տարօրինակ» զուգադիպությամբ այս մեծահարուստ տիկինը կապ է ունեցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր խոշոր կոռուպցիոն գործարքների հետ և միշտ եղել է «քցվածի» կարգավիճակում։ Ավելին՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ամենախոշոր կաշառքի դեպքի մասին, կրկին անգամ մամուլը կապում է վերոնշյալ բիզնես լեդիի հետ։

Ինչպես է ստացվում, որ նման կարգի կասկածելի գործարքների ակտիվ գործող հերոսների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում հենց այս սյունեցի կինը։ Թեպետ, եթե Սիլվա Համբարձումյանի հետ կապվող դեպքերը ներկայացնենք պահպանելով ժամանակագրությունն ու իրադարձությունների հաջորդականությունը, ապա կստանանք մեզ հուզող հարցերի լիարժեք պատասխանները։

2011թվականից պարբերաբար սկանդալների կենտրոնում հայտնվող Սիլվա Համբարձումյանի համար արդեն բնական են դարձել դատական քաշքշուկներն ու պարտք ու պահանջի մասին բարձրագոչ հայտարարությունները, որոնք ուղեկցվում են մամուլում հայտնված լուսաբանումներով և ոստիկանությունում հարուցված գործերով։ Դրանց շարքում անհերքելի առաջատար դիրքում է 2011թ․ՀՔԾ-ում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված գործը՝ «ծեծի» հատկանիշներով։

Հարուցված գործը, որի հիմքում ներկայումս լոնդոններում թափառող Լիսկայի հայտնի ապտակն էր, որոշ առումով շանտաժի ռեալ հնարավորություն էր, որից շտապեց օգտվել տիկինը։

Հստակեցնենք՝ ինչու։ Հատկանշական է, որ Համբարձումյանը պատրաստ էր «մեծահոգաբար» ներել Սուրիկ Խաչատրյանին, եթե վերջինս վերադարձներ իրեն պատկանող Լիճվազք-թեյի ոսկու հանքից յուրացված 112 մլն դրամ արժողությամբ սարքավորումներն ու հրապարակային ներողություն խնդրեր (թեպետ ներողության մասով կասկածներ ունեմ)։ Միգուցե այս «հրապարակային բազառների» միջոցով Համբարձումյանը հույս ուներ խուսափել սեփական պարտքերից, որ կուտակվել էին տարբեր համայնքներում վարձակալած հողատարածքների վարձավճարները չտալու հետևանքով, սակայն ակնհայտորեն թերագնահատել էր երկրում հարցեր լուծող նախկին մարզպետի հնարավորությունները։ Վերջինս անգամ հատուկ ջանքեր չգործադրեց՝ լռեցնելու համար գործարարուհուն։ Տիկին Սիլվան էլ մի քիչ խոսեց, խոսեց, բայց ակնկալած «պատասխանը» չստանալով, մարզպետի պատիժը թողեց Աստծո դատաստանին, իսկ հարուցված գործը սահուն «ջրվեց», գնաց։

2015թ․Սիլվա Համբարձումյանը նորից քննարկումների կիզակետում հայտնվեց՝ նրան պատկանող «Կալաչ» ընկերության գույքը հանվել էր աճուրդի։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ ընկերությունը լուրջ պարտքեր էր կուտակել ի թիվս մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ՎՏԲ» բանկին։ Այս անգամ էլ Համբարձումյանը, իրեն հատուկ ոճով, պարտքերի մասին խոսակցությունները լռեցնելու միտումով աննախադեպ խոշոր չափերի հասնող կաշառք տալու մասին հայտարարություն արեց։ Նա պնդում էր, որ հանքերի շահագործման արտոնագիր ստանալու համար, 14 մլն դոլար կաշառք է տվել 2008թ․Բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանին։

Թվում էր՝ նման հայտարարությունը պետք է նույնիսկ արժանանար Կառավարության ակնդետ ուշադրությանը՝ դե ամեն օր չես լսի 14 մլն դոլար կաշառք տալու մասին՝ այն էլ մեր խեղճ ու կրակ, աղքատության շեմին հասած երկրում։ Սիլվա Համբարձումյանն անգամ դիմել էր ՀՀ ոստիկանություն, հարուցվել էր գործ, որը հետագայում փոխանցվել էր ՀՔԾ։ Բայց, ինչպես միշտ նման դեպքերում, հայտը մնացել էր անհետևանք, իսկ 2017թ․Բաղրամյան 26-ից գործը կասեցնելու հրահանգ էր իջեցվել։ Ի դեպ՝ երեկ կայացած ասուլիսում մեր հերոսուհին 14 միլիոնի փոխարեն նշել է, որ 8 միլիոն է տվել Արամ Հարությունյանին՝ ևս մեկ անգամ կասկածի տակ դնելով իր խոսքերի ճշմարտացիությունը։
Հենց այս դեպքի հետ է կապվում Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը, որի մասին, հուսով ենք, մոտ ապագայում դեռ պարզեցումներ կլինեն։ Եթե կասկածները հաստատվեն, ապա առաջանում է շատ տրամաբանական մի հարց՝ արդյո՞ք պատասխանատվության կենթարկվի նաև Սիլվա Համբարձումյանը։

Ամեն դեպքում հստակ է մի բան՝ այս կինը գործարար միջավայրում ճանապարհ է հարթել՝ դիմելով բոլոր հնարավոր և անհնար միջոցներին, որի մասին վկայում են ոչ միայն տիկնոջը հակադարձված պատասխան-հոդվածները, այլև իր իսկ սեփական խոստովանությունները, որ բազմիցս դիմել է կաշառքի հրաշագործ մեթոդին և փաստորեն անազնիվ ճանապարհով է կուտակել իր առեղծվածային հարստությունը։

Մի՞թե կներվեն գործարարուհու բոլոր մեղքերը՝ հաշվի առնելով նրա «մեղայականները», որ ժամանակներն էին այդպիսին, որ «երկիրը երկիր չէր» և նմանօրինակ մի շարք պարզունակ պատճառաբանություններ։ Կոռուպցիայի դեմ տարվող պայքարը արդյո՞ք կարելի է համարել լիարժեք, եթե կաշառք տալը փեշակ դարձրած անհատները մնում են անպատիժ։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ