Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում պարտության մատնեց «Վալյադոլիդին»՝ 2:0: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար, արգենտինացի Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ պրեմիերայում անցկացրած առաջին խաղում «արքայական» թիմը հաղթանակ տարավ վերջնամասում խփած գոլերի շնորհիվ: 73-րդ րոպեին իսպանացի Մարկո Ասենսիոյին փոխարինած բրազիլացի Վինիսիուս Ժունիորը 83-րդ րոպեին գոլային դրվագի հերոսն էր, սակայն նրա հարվածից հետո գրանցվեց ինքնագոլ «Վալիադոլիդի» իսպանացի պաշտպան Կիկոյի անվան դիմաց: 88-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: 11 մետրանոցը վաստակել էր ֆրանսիացի Կարիմ Բենզեման:

Մադրիդի «Ռեալը» ընդհատեց Իսպանիայի առաջնությունում առանց հաղթանակների 5 անընդմեջ հանդիպումների շարքը եւ 17 միավորով 6-րդ տեղում է: «Վալիադոլիդն» ունի 16 միավոր եւ 8-րդն է: