«Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»…
Նիկոլ Փաշինյան

Հազա՜ր ներողություն, որ «հոգեհանգստի» տեղ «պանիխիդա» ասի: Բայց բանն այն է, որ տվյալ դեպքում ոչ թե հոգեհանգիստ, այլ հենց «պանիխիդա» է: Բերանս չբռնեց՝ ասեմ՝ «հոգեհանգիստ»: Նախ, էդ… լուծարված, էդ… «անցավորաց» հոգուն՝ ի՞նչ հանգիստ (էն Էդիկն էրեկ, պատի տակ կանգնած, էնպե՜ս էր լալիս): Իսկ, երկրորդ, ախր դրանց ի՞նչ… հոգի:
Լա՜վ, անցած լինի, վերջին «տխրությունն» ըլնի, գլխավորն այստեղ այն է, թե ինչո՛ւ մինչև երկուշաբթի Նիկոլը որոշեց «թայմ աութ» վերցնել:
Հոգնե՛լ էր:
Դժվա՜ր:
Տե՛ղ պտի գնար:
Չէ՜, գնալու ոչ մի տեղ էլ չկար:
Բա ի՞նչ պատահեց:
Խմելու գո՞րծ կար: Ինձ ա՛յ էս մեկն է խելքին մոտ թվում: Նիկոլն, ինչքան էլ ջղային բաներ ասի, ներքուստ բարեհոգի՜, ներքուստ կամեցո՜ղ քրիստոնյա է մնում: Ուստի ո՞նց կարող է մի հսկայայական «կուռ կոլեկտիվի» պատմական վերջը ինքը չնշի, «հոգոց հանգուցելոց» մի հատ չարտասանի:

Խնդրե՛մ: Հաշվե՛ք: Ուրբաթ, շաբաթ, կիրակի: Ուղիղ երեք օր: Էդ մարդը երեք օր իրավունք չունի՞՝ հսկայակա՜ն, թառլա՜ն հին ԱԺ-ի հրաժեշտը նշի: «Մեր հին օրենքով, մեր հին ադաթով» թասը բարձրացնի՝ դրանց կենդանի կենացը խմի:
Թեպետ, մյուս կողմից, նայում ես դրանցից ոմանց տեսքին, ու… ոնց որ մեռած ըլնեն ու թաղած չըլնեն. «կենդանի կենաց» դրանց հե՜չ չի սազում: Ուստի Նիկոլը որ բաժակ բարձրացնի, երևի էդպես էլ էդ հարցը դնի.
-Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, ի խորոց սրտի հայտնում եմ, որ երեկ հրաժեշտ տվինք մեր երկրի իշխանության ծանր լուծը 20 տարի տարած ու երեկ լուծարված մի «կուռ կոլեկտիվի»: Այդ «կուռ կոլեկտիվը» մեր ազգի համար…

…Ու ստեղ անգամ բարեհոգի քրիստոնյա Նիկոլի՛ համբերությունն ու ներվերը էլ չեն հերիքում, ու Նիկոլն այսպես է խոսքը շարունակում.
-Այդ «կուռ կոլեկտիվն» էնքան կռռաց մեր ազգի վրա, էնքան, ագռավ դառած, կռավեց մեր ազգի վրա, որ, ի՜նչ լավ ա, իրա կռավոցն իրան միայն կպավ… Թող հիմա 100 տարի ագռավի պես ապրեն, որ 100 տարի կարդան իրանց համար գրված բոլոր քոմենթները… Ուստա ջա՜ն, մի հատ «Սուսերով պա՜րը»…

Ու ստեղ «պանիխիդան» ահագին աշխուժանում, կարգին ուրա՜խ-զվա՜րթ միջոցառում է դառնում:
Սկսում են այցելել ալևայլ հյուրեր:
Գալիս, պարին է միանում, բնականաբար, Խոսրով Հարությունյանը՝ ձեռքին ծաղկեպսակ՝ «Բոլոր անցավոր ԱԺ-ներին՝ հերթական ԱԺ պատգամավորի թեկնածու՝ վերստին հարություն առած Խոսրովից»:

Գալիս է Սամվել Ալեքսանյանը՝ մի հատ կարմիր բանբաներկով: Այն հարցին, թե՝ «Բանբաներկա՞ ընչի ես բերել, ա՜յ ապարանցի», պատասխանում է, թե՝ «Մտա «Սիթիս»՝ մի հատ «բոյիդ մեռնեմ» առնեմ, բայց կարմիրը տեսա՝ լրիվ շշկռվա ու էտի առա»…
Աշոտ Արսենյանն է, մի քանի արկղ «չլցրած»-անարա՜տ, հատուկ էսօրվա համար իր երբեմնի ընկերներից թաքցրած-պահած «Ջերմուկ» ձեռքն առած, գալիս, պար մտնում:
Արա Բաբլոյանն է գալիս, սկսում անկապ-անկապ, նվագի ռիթմից լրիվ անկախ պարել:
Բանն է գալիս, Արմեն Սարգսյանը՝ մի հատ «Չալոյի» խմբով, «մառոժնի» ուտելով, սա՜ղ վրեքը, սա՜ղ էրես-մերես «մառոժնի» ու հետը բերած էրեխեքի հետ «Սուսերով պարի» նվագի ներքո սկսում շախով պարել «Ծաղկեփունջ»:
Միջոցառումը հասնում է իր կուլմինացիային, երբ ներս է մտնում Լևոն Տեր-Պետրոսյանը՝ էլի «Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ» արտասանելով ու բռունցքն էլի վանկարկման ու պարի ռիթմին թարս տանել-բերելով…
-Պարոն Տեր-Պետրոսյան, տեղեկատվությունդ հին է. էդ վերջն արդեն էկավ-անցավ…
-Բա ինձ ինչո՞ւ տեղյակ չեք պահել, Նիկո՜լ ջան…
-Է որ տեղյակ ես ըլնո՞ւմ, քեզնից ի՜նչ օգուտ ա ըլնում որ, պարո՛ն նախկին նախագահ…
-Ես եղել եմ Լեոնիդ Իլյիչի օրոք, ես եղել եմ Յուրի Վլադիմիրովիչի օրոք, ես եղել եմ Կոնստանտին Ուստինովիչի օրոք, ես եղել եմ Միխայիլ Սերգեևիչի օրոք, ես եղել եմ Լևոն Հակոբովիչի օրոք, ես եղել եմ Ռոբերտ Սեդրակովիչի օրոք, ես եղել եմ Սերժ Ազատիչի օրոք, ես կլինեմ նաև Նիկոլայ Վլադիմիրովիչի օրոք…, մեջ է ընկնում Խոսրով Հարությունյանը:
-Կըլնե՜ս, Խոսրով Մելիքիչ, բայց էս ազիզ օրով բերանս չի բռնում, որ ասեմ, թե ի՛նչ…

…Հանկարծ «դրսի դռան» մոտից աղմուկ-աղաղակ է լսվում. ինչ-որ իրարանցում է:
-Էդ ի՞նչ ա ըտեղ պատահել, տղե՜րք, -հետաքրքրվում է Նիկոլը:
-Արթուր Բաղդասարյանն էր «յազվի» պես կպել, ուզում էր մտներ, մի կերպ լարեցինք, -պատասխանում է թիկնազորի պետը:
Թիկնապահների դիմադրությունը ճեղքելով, ակորդեոնով, իրան ներս է գցում Ալիկ Սարգսյանը ու մինչև փորձ կանեն՝ իրան դուրս հանեն, ինքը զլում է.
-«Թավշյա ա՜-աչե՜ր, ամբողջ կյանքս տվեցի քեզ, թավշյա ա՜-աչեր»… «Մենակ տղա-ա՜ եմ քո սիրուն կարո՜տ»…

Ալիկի ակորդեոնը բռնագրավում են, Ալիկին կարգի ու դուրս հրավիրում: Արդեն դրսից լսվում է Ալիկի աղիողորմ աղաղակը.
-Նիկո՜լ ջան, ախր ես քեզ էրկու անգամ էլ կողմ չէի քվեարկել, ընչի՞ եք ընձի դուրս հրավիրում…

Կենացները գնալով թանկանում են, հյուրերը՝ գնալով ավելանում, Նիկոլը՝ գնալով զայրանում.
-Արա՜, էս հո «բեզռազմեռնի՞» չի, ի՞նչ եք ում հասնի՝ թողնում, որ ներս գա:
Թիկնապահներն սկսում են որոշ հյուրերի (չեմ ասի, թե ո՛ւմ) դուրս հրավիրել:
Նիկոլը, տեսնելով, որ հանդեսի վերածված սույն «պանիխիդան» մանրից դառնում է «քարվանսարա» ու «պռախադնոյ դվոր», որոշում է փակել.
-Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ: Քեֆներս քանզի հազար ա, ուստի, ձեր թույլտվությամբ, բոլորս գնում ենք ննջելու՝ մինչև երկուշաբթի: Սիրում եմ բոլորիդ, բայց քունս տանում ա, նենց որ բարի՛ գիշեր… Սիրում եմ բոլորիդ: Ի՞նչ, «սիրում եմ բոլորիդ»-ն արդեն ասել ե՞մ: Չէ՛, հաստա՜տ շտապ լա՜վ ննջել է պետք. «ննջեցյալը» թող ներող լինի, բայց իրա առաջը մի ողջ հավերժական նինջ է, իսկ մերն՝ ընդամենը մինչև երկուշաբթի:
Մի մարդու նման, բոլորս միասին գնում ենք ննջելու:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ