Նոյեմբերի 2-ին աշխարհը նշում է լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրը: Ըստ միջազգային կազմակերպությունների պարբերաբար հրապարակվող զեկույցների՝ յուրաքանչյուր տարի տասնյակ լրագրողներ են սպանվում, հազարավորները հետապնդվում ու ենթարկվում բռնությունների։
Օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում ասված է. «Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող սպանվել է իրենց կարևոր առաքելությունը կատարելու համար: 10 նման դեպքից 9-ը չի բացահայտվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Այս տարի արդեն սպանվել է առնվազն 88 լրագրող, հազարավոր լրագրողներ կեղծ և շինծու մեղադրանքներով բերման են ենթարկվել, կալանավորվել են։ Երբ լրագրողներն են հարձակման ենթարկվում, հասարակություններն են դրա համար վճարում, և ես կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրությանը՝ պաշտպանել լրագրողներին, ստեղծել մամուլի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ»։

Գուտերեշը հայտնելով իր խորին հարգանքը լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ՝ շեշտել է. «Ճշմարտությունը երբեք չի մահանում»։

Լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու օրվա առթիվ ուղերձ է հղել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, որտեղ կրկին ընդգծվում է լրագրողների կարևոր առաքելությունը։ «Ազատ լրագրությունն ազատ հասարակության հենարանն է, այն խարխլելը նշանակում է խարխլել մեր ազատությունը», - ասված է ուղերձում:
Որպես բողոքի նշան լրագրողների նկատմամբ կատարվող սպանությունների՝ հինգշաբթի երեկոյան անջատել էին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը։ Բազմաթիվ սպանված լրագրողների լուսանկարները պարզած՝ ակցիայի մասնակիցները, որոնք հավաքվել են Ֆրանսիայի կենտրոնում, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին նրանց ու մասնագիտական գործունեության ընթացքում նույն ճակատագրին արժանացած մյուս լրագրողների հիշատակին։