Դրանք բազմաթիվ են, բազմաձև, բազմաբովանդակ: Հատ-հատ նշելը չափազանց ժամանակ կխլի, իսկ քանդարարներն այդ ընթացքում իրենց ավերիչ գործը կանեն-կպրծնեն: Ընդ որում կքանդեն ոչ թե նրա համար, որ գաղափարական ինչ-ինչ սկզբունքներ են դավանում կամ դրանց տուրք տալիս, այլ կքանդեն անգիտակցաբար, քանզի իմացության առումով տիրապետելիք նյութի հետ խնդիրներ ունեն, բոբիկ են ու դատարկ, իրենց վստահված գործի մասին ծանծաղ պատկերացում ունեն, ու դա, պատկերացրեք, իրենց լիուլի ձեռք է տալիս, որովհետև ավելիին չեն էլ ձգում ու, եթե անկեղծ, իրենցից ավելին չի էլ պահանջվում:

Մի պահ միամտորեն պատկերացնենք, թե իշխանությունները ուզում են այս քանդարարների դեմն առնել ու պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես գտնել դրանց:
Բարեկամաբար հուշենք:
Դրանց գտնելու հարկ չկա, քանզի դրանք իրենց հայտնի նախատիպի օրինակով միշտ ջրի երեսին են, մակերևույթին, ու դրանց չտեսնելը պարզապես անհնար է, իսկ թե այսքան պարզ հուշումից հետո էլ գտնելու նեղություն եք քաշելու, առաջարկում եմ չափազանց պարզ էլ չէ, պարզունակ եղանակ՝ անհապաղ գնալ բոլոր այն կազմակերպությունների, դրանց այն ղեկավարների հետքերով, ովքեր լրատվամիջոցների աստղեր են դարձել, ամեն կարգի ու հարգի մամլո ասուլիսների «զարդ» են դարձել իրենց անհոդաբաշխ մտքերով ու դատարկ ելույթներով: Անհոդաբաշխ մտքերի ու դատարկ ելույթների տագնապ չունեն դրանք, քանզի նախ բան պիտի իմանան, որ բան ներկայացնեն և երկրորդ՝ իրենց գերխնդիրը երևալն է՝ պարզապես երևալը:

Բազմաթիվ ոլորտներից կոնկրետանանք մշակույթի բնագավառի վրա ու դա ոչ նրա համար, որ այն ինձ ավելի հարազատ է: Պարզապես այստեղ իրողություններն են սարսափելի աղաղակող, իսկ ոլորտը երկրի համար ռազմավարական է, առանձնակի կարևորություն ներկայացնող, որովհետև դրա առանցքը մարդն է առ երկիրն ու աշխարհն ունեցած պատկերացումներով, արժեհամակարգային ընկալումներով: Հանրապետականի թեթև ձեռամբ մի երկու-երեք տարի առաջ այն հանձնվեց Արմեն Ամիրյան տղեկի կառավարմանը: Ի միջի այլոց՝ այս երկրում որևէ մեկը հետաքրքրվո՞ւմ է, թե ներկայումս որտեղ է սույն անձը, ով հանրապետության հայտնի Ժիլետի ու իրենց նման մի քանի լպստվածի հետ հավակնում էին դառնալ հանրապետականի նոր դեմքը:

Ինչևէ: Արմեն Ամիրյան հորջորջյալի նշանակած կադրերը շարունակում են իրենց հովանավորյալի ձախավեր քաղաքականությունը՝ կազմաքանդելով արժեհամակարգային մոտեցումներ ձևավորող այս ոլորտի գործունեությունը՝ տեղերում շարունակելով ոլորտի մասին ունեցած գավառամիտ պատկերացումներով ներկայանալ որպես նորօրյա նապոլեոնչիկներ ու նապոլեոնչիկուհիներ:

Ժամանակին մշակույթի նորանշանակ նախարարուհուն հրապարակային մի անդրադարձով պարտքներս համարեցինք զգուշացնել՝ զգուշանալ իր ընդունարանում հերթի կանգնած մշակութային վայ գործիչներից, այդ կազմակերպությունների գլուխ կանգնած տնօրեններից, ովքեր ամեն մի իշխանություն եկածի ընդունարանի անթառամ «զարդն» են, իրականում մեր մշակույթի գերեզմանափորները:

Ընթացիկի մեջ խրվելով՝ ակնհայտորեն տիկին նախարարը ձեռքից բաց է թողնում սկզբունքայինն ու կարևորը՝ իր անելիքը տեսնելով կաբինետային գործունեության ծավալման մեջ կամ այս ու այն հրապարակային միջոցառմանը ներկա լինելու գուցեև պարտադրանքում: Սա լճացման տանող ամենապարզ ուղին է, որից պիտի հնարավորինս հեռու մնալ: Կարո՞ղ է արդյոք մեր մշակույթի նախարարը պատասխանել, թե ո՞ր մշակութային հիմնարկությունում է եղել ցայսօր, ո՞ր կոլեկտիվի հետ է հանդիպում ունեցել, ոլորտի զարգացման հետ կապված լսել այդ կոլեկտիվի տեսլականը, թե՞ դրանց տնօրենների նրա ականջի տակ փսփսոցները բավարար հիմք են ոլորտի մասին իրազեկվելու համար: Եթե դա է, տիկին նախարարի որդեգրած աշխատաոճը, հավատացնում եմ՝ ժամացույցին նայելու հարկ էլ չկա. այն նրա տանում է դեպի տհաճ հանգուցալուծում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ